Հասարակական

Fly One Armenia ազգային ավիաընկերությունը շահագործման է հանձնել Airbus A320 դասի հերթական օդանավը

3 րոպեի ընթերցում

Fly One Armenia ազգային ավիաընկերությունը շահագործման է հանձնել Airbus A320 դասի հերթական օդանավը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fly One Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունը հերթական օդանավն է շահագործման հանձնել, որը սպասարկելու է եվրոպական և մերձավոր արևելյան թռիչքային ուղղությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը: Օդանավն Airbus A320 դասի է, 180 տեղանոց: Դեկտեմբերի 9-ին այն կատարել է առաջին թռիչքը:

«Մեր ուղևորներին խոստացել էինք, որ ընդլայնելու ենք թռիչքային ցանցը և օդանավային պարկը, և այդ խոստումն ի կատար ենք ածում: Առաջիկայում ևս նախատեսում ենք օդանավային պարկի տեսանելի ավելացում, նաև՝ աշխարհագրության ընդլայնում»,- ասաց Անանյանը:

Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահը նշեց, որ առաջիկա օրերին մեկնարկելու են Երևան-Բեյրութ-Երևան, Երևան-Միլան-Երևան, Երևան-Թել Ավիվ- Երևան, Երևան-Դուբայ-Երևան երթուղով չվերթերը:

Օրեր առաջ Fly One Armenia-ն նաև հայտարարել էր «Բացահայտիր աշխարհը» աննախադեպ ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակներում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն ձեռք բերել տոմսեր առավելագույն մատչելի գներով: Այս տարի Flyone Armenia ընկերության կողմից ակցիային ներկայացվում են դեպի Մերձավոր Արևելքի քաղաքներ իրականացվելիք չվերթերը։

«Ակցիայի առաջին արդյունքները բավականին տպավորիչ էին, ավիաընկերությունն առաջիկայում ևս նախատեսում է ուրախացնել իր ուղևորներին՝ տալով հասանելի գներով աշխարհը ճանաչելու և բացահայտելու հնարավորություն», -ընդգծեց Անանյանը:

Ավիաընկերության նոր նախաձեռնություններն այսքանով չեն սահմանափակվում: Անանյանը հայտնեց, որ ավիաընկերությունը պատրաստվում է հայտարարել զբոսաշրջության ոլորտում նորարական ծրագրերի մասին:

«Այստեղ նույնպես ուղևորների համար կան բացահայտումներ, անակնկալներ և նոր ուղղություններ, ուղևորներին հնարավորություն կընձեռվի ճամփորդելու Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ»,- տեղեկացրեց Անանյանը:

Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահի խոսքով՝ իրենց ավիաընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում:

« Ընդլայնված աշխարհագրությամբ ենք ամփոփելու դեկտեմբերը՝ կատարելով թռիչքներ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Թբիլիսի, Ստամբուլ, Քիշնև, Փարիզ, Լիոն, Միլան, Դուբայ, Բեյրութ և Թել Ավիվ ուղղություններով»,- եզրափակեց Անանյանը:

«Fly One Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում