Հասարակական

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Համաժողովին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանական գերատեսչություններում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառուցների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և առաջատար փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ներկայացվել ու քննարկվել են տարբեր երկրների զինված ուժերում բարեվարքության ամրապնդման լավագույն փորձը, առկա խնդիրները և դրանց լուծման համակարգային մոտեցումները։

Բրյուսելում ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի բարեվարքության կերտման ծրագրի ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի ակտիվացման ուղղությամբ, վերահաստատվել է հաջորդ տարվա միջոցառումների ցանկը։ ՊՆ գլխավոր քարտուղարը ծրագրի ղեկավարությանը և փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ անձնակազմի կառավարման, ֆինանսական պլանավորման, աուդիտի և գնումների համակարգի ռիսկային հարցերի վերհանման և դրանց չեզոքացման համալիր գործողությունների մշակման վերաբերյալ տեղում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում