ՀՀ ՄԻՊ-ն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ՄԻՊ-ն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1099234.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, Կարա ՄըքԴոնալդը գոհունակություն է հայտնել Պաշտպանի հետ հանդիպման համար, ապա կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները, մասնավորապես, ՄԻՊ-ի կողմից փաստագրված մարդու իրավունքների շարունակական խախտումները։
Զրուցակիցը հետաքրքրվել է նաեւ մարդու իրավունքներին առնչվող մի շարք անհատական գործերով։ Կարա ՄըքԴոնալդը վերահաստատել է, որ ԱՄՆ Կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։