Տնտեսություն

Ծախսերն ու եկամուտներն ավելացել են. 2023-ի պետբյուջեի նախագծում փոփոխություններ են արվել

3 րոպեի ընթերցում

Ծախսերն ու եկամուտներն ավելացել են. 2023-ի պետբյուջեի նախագծում փոփոխություններ են արվել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որում նախնական տարբերակի համեմատ կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես ավելացել են նախատեսվող ծախսերն ու եկամուտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ»,-ներկայացրեց Խաչատրյանը:

2023 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառներով: Նախ արտարժութային գործառնություների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետբյուջեի եկամուտների, ծախսերի, նաև դեֆիցիտի դրամային համարժեքներում: Փոփոխության երկրորդ պատճառն այն է, որ ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերին վերաբերող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են այդպիսի ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները: Առանձին ծրագրերի համար ավելացված բյուջետային միջոցների հաշվով նվազեցվել են 2023 թվականի պետբյուջեով սահմանված կառավարության պահուստային ֆոնդի միջոցները:

Խաչատրյանի խոսքով՝ բյուջեի ծախսերի ավելացումը պայմանավորված է տոկոսավճարների ավելացմամբ՝ 826 մլն դրամով: Առաջնային ընթացիկ ծախսերի, ինչպես նաև կապիտալ ծախսերի հանրագումարը մնացել է անփոփոխ: Արտարժութային փոխարժեքների վերահաշվարկի արդյունքում ծախսերի հանրագումարը նվազել 4.1 մլրդ դրամով: Ոլորտային ծախսային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են 27.2 մլրդ դրամով, իսկ դրանց հատկացված ֆինանսավորման պատճառով կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22.3 մլրդ դրամով: Որոշ դեպքերում 2023-ի պետբյուջեի ծախսային ավելացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022-ին նախատեսված ծախսերի մի մասը չեն իրականացվել այս տարվա ընթացքում ամբողջությամբ և այդ մասով ներառվել են հաջորդ տարվա ծրագրային անելիքների ցանկում:

Ծրագրային ծախսերի ավելացումների հիմանական մասը վերաբերում են պաշտպանական, տնտեսական, ինչպես նաև սոցիալական ապահովության ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում