Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը. պարզաբանում է ՀԾԿՀ պաշտոնյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխարժեքը բազմաթիվ գործոններից միայն մեկն է, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի, գազի սակագների ձևավորման վրա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց, 2 շաբաթվա ընթացքում արդեն հստակություն կլինի: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա նախևառաջ կարևոր է ներկրման գինը. միայն սա հստակեցնելուց հետո հանձնաժողովը կարող է նախաձեռնել սակագնի վերանայում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը խոսել է էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա դրամի արժևորման հնարավոր ազդեցությունից:

Անդրադառնալով էլեկտրաէներգիային՝ Ուլիխանյանն ասաց. «Ամեն տարի ընդհանուր համակարգում վերանայում իրականացվում է, սակայն սպառողի համար սակագինը կարող է փոխվել, կարող է չփոխվել: Բայց արտադրողների, ծառայություն մատուցողների մոտ ամեն տարի վերանայում իրականացվում է: Փոխարժեքն էլ այն բազմաթիվ գործոններից մեկն է, որ ազդեցություն է ունենում: Նախորդ տարիներին ևս փոխարժեքը հաշվի առնվել է, սակայն նախորդ տարիներին նման մեծ շեղում չի եղել, մեծ ազդեցություն չի ունեցել: Իսկ այս տարի շեղումը մեծ է, հետևաբար մեծ ազդեցություն կունենա»,-ասաց Ուլիխանյանը:

Հանձնաժողովն այս պահին իրականացնում է վերանայում: Աշխատանքները սկսվել են սեպտեմբերի կեսից: «Երկու շաբաթվա ընթացքում նոր միայն վերջնական հստակություն կլինի: Այս պահին դեռ կատարվում են ուսումնասիրություններ, վերլուծություններ: Մինչև տարվա վերջ պետք է ներկայացվի նիստի քննարկմանը»,-նշեց Ուլիխանյանը:

Թե ինչ չափով կարող է ազդել, նա չի կարող ասել, սակայն այն, որ ազդեցությունը դրական է լինելու, միանշանակ է: Իսկ թե արդյոք փոխարժեքը վերջնական սպառողի սակագնի ձևավորման վրա կունենա ազդեցություն, թե ոչ, կախված է նաև մյուս գործոնների ազդեցությունից: «Ունենալու ենք թե դրական կերպով ազդող գործոններ՝ այդ թվում փոխարժեքը, թե բացասական ազդող գործոններ: Օրինակ, սակագնի ավելացման տեսանկյունից բացասական գործոններից մեկն այն է, որ 2021 թվականին համակարգում ներդրումներ են իրականացվել, և դրանք պետք է սակագնով փոխհատուցենք: Սա ևս ներառելու ենք սակագնի հաշվարկներում: Այն իր չափով կբերի սակագնի ավելացման, փոխարժեքն էլ կբերի նվազեցման»,-ասաց Ուլիխանյանը:

Սակագնի ձևավորման վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոններից է նաև արտադրության հաշվեկշիռը: Այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ դեռևս քննարկումներ են ընթանում առաջիկա տարվա արտադրության հաշվեկշռի շուրջ: Այդ հաշվեկշիռը դեռ չկա: Այսպիսով կարող են լինել թե դրական, թե բացասական գործոններ: «Այդ բոլոր դրական, բացասական գործոնների հանրագումարում միայն կերևա՝ ընդհանուր արդյունքը դրակա՞ն է, թե՞ բացասական: Եթե ընդհանուր արդյունքը լինի դրական, միանշանակ սպառողի սակագնի նվազեցում կլինի, բայց սա դեռ ուսումնասիրության փուլում է»,-ասաց Ուլիխանյանը:

Իսկ ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա խոշոր սպառողների համար ամսական 10 հազար խմ սպառման համար ԱՄՆ դոլարով արտահայտված բանաձև է հաշվարկվում, և ամեն ամսվա փոխարժեքով, բանաձևով հաշվարկվում է տվյալ ամսվա դրամական արտահայտությամբ սակագինը: Ուլիխանյանն ընդգծեց՝ այսինքն՝ խոշոր սպառողներն այսօր արդեն դրամով արտահայտված ավելի քիչ են վճարում փոխարժեքի նվազման արդյունքում:

«Իսկ ինչ վերաբերում է բնակչության համար սակագնին, ապա մեծ նշանակություն ունի նաև, թե ինչ ներկրման գին կունենանք 2023 թվականի համար: Եթե ներկրման գինը 2023 թվականի համար մնա նույնը, ապա վերանայում, իհարկե, կիրականացնենք: Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն չդիմի էլ, ապա հանձնաժողովն իրավունք ունի գնահատելու, թե ինչ ազդեցություն կա և իր նախաձեռնությամբ կվերանայի սակագները: Բայց մեզ համար նաև պետք է պարզ լինի, թե ներկրման ինչ գին ենք ունենալու»,-ասաց Ուլիխանյանը՝ հավելելով, որ այդ բանակցություններն էլ իրականացնում է կառավարությունը:

Երբ վերջնական քննարկումների արդյունքում հայտնի կլինի ներկրման գինը, ըստ դրա արդեն գազի սակագնի վերանայման հարց կարող է լինել: Գազի սակագնի վերանայման գործընթացում հանձնաժողովը դիտարկելու է բոլոր գործոնների ազդեցությունը:

Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ:Սակայն ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ Ջրի սակագնի որոշման հարցում փոխարժեքը որևէ ազդեցություն չունի:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա