Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկը պետք է 2036 թվականին պատրաստ լինի շահագործման. փոխնախարար

4 րոպեի ընթերցում

ՍՈՉԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մտադիր է 2036 թվականին ունենալ ատոմակայանի նոր էներգաբլոկ ու այն ամբողջությամբ շահագործել, քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկ կառուցելու տարբերակը, ներկայում աշխատանքներ են տարվում նոր բլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Սոչիում «Ատոմէքսպո» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխնախարարը հայտնեց, որ որոշակի փաստաթղթեր արդեն ստորագրվել են, օրինակ՝ նոր բլոկի կառուցման հուշագիրը «Ռոսատոմ»-ի հետ, կան հանդիպումների արձանագրություններ, գործողությունների ծրագիր: Հիմա աշխատանքներ են տարվում նոր բլոկի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ:

«Այս պահին քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ-անոց բլոկների տարբերակը: Նախնական տեխնիկատնտեսական աշխատանքները կատարվում են հենց նրա համար, որ հասկանանք, թե արդյոք այդ բլոկները հնարավո՞ր է համատեղել մեր էներգահամակարգի հետ»,-ասաց Վարդանյանը:

Հիմա մասնագետներն ուսումնասիրություններ են կատարում, և միայն դրանից հետո վերջնական որոշումը կլինի: Փոխնախարարը չբացառեց, որ ուսումնասիրության արդյունքում կարող են կանգ առնել նույնիսկ ավելի փոքր հզորության բլոկի կառուցման վրա: Սակայն սկզբնական ցանկությունը 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկներն են:

Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին՝ փոխնախարարն ասաց. «2036 թվականին նոր էներգաբլոկն արդեն պատրաստ պետք է լինի ամբողջական շահագործման: 2034-2035 թթ ցանց մտնելու փորձարկումները պետք է արդեն կատարվեն, որպեսզի 2036 թվականին՝ երկրորդ էներգաբլոկի կանգնելուն զուգահեռ, սկսի շահագործվել ամբողջությամբ նոր էներգաբլոկը: Դա նշանակում է, որ առնվազն 1 տարի այն պետք է փորձարկումների փուլն անցած լինի»:

Այսպիսով՝ թիրախ է 2036 թվականին նոր էներգաբլոկ ունենալը, դա ամրագրված է:

Մինչև չավարտվեն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումները, վաղ է խոսել ֆինանսավորման մասին: «Սակայն աշխարհում ընդունված պրակտիկա է՝ ֆինանսական միջոցների ներգրավումը լինում է այն երկրից, որի տեխնոլոգիան օգտագործում ենք: Շատ բարդ է պատկերացնել, օրինակ, ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմակայանի կառուցումն այլ երկրի ֆինանսավորմամբ: Որևէ մասնավոր ֆինանսական կառույց չի կարող նման խոշորամասշտաբ ծրագիր ֆինանսավորել՝ առանց պետության օգնության: Եվ բնական է՝ եթե կառուցենք ռուսական դիզայնով ատոմակայան, ուրեմն կլինի նաև ռուսական ֆինանսավորում»,-հավելեց Վարդանյանը:

Վարդանյանը վստահեցնում է, որ առաջ են շարժվում ըստ ժամանակացույցի: Օրինակ` հիմա ևս հանդիպումներ, քննարկումներ են նախատեսված, և «Ատոմէքսպո»-ի հարթակը օգտագործում են հենց այդ նպատակով: Հայկական պատվիրակությունը ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունենալու «Ռոսատոմ»-ի ղեկավարության հետ, քննարկելու են ինչպես նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված, այնպես էլ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հետ կապված հարցերը: Հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի վերջին:

Արդիականացման աշխատանքներից հետո Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: Հիմա աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետը մինչև 2036 երկարաձգելու ուղղությամբ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Ռոսատոմ»-ն աշխատում են այդ ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Español Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով