3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վերաբացվել է IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ապահովելու համար, իսկ նորարար տեխնոլոգիական լուծումներն ու միջավայրն էլ ավելի հարմարավետ և հաճելի են դարձրել այցելությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ «Մալաթիա»-ն IDBank-ի վեցերորդ վերանորոգված և վերազինված մասնաճյուղն է:
«IDBank-ը շարունակաբար աշխատում է առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, միևնույն ժամանակ, մենք համարում ենք, որ մասնաճյուղերի պատշաճ վերազինումը պարտադիր է՝ հաճախորդների լավագույն փորձառությունը ապահովելու նպատակով: Հետևաբար, անկախ նրանից, որ մենք թվային հարթակներում ենք ակտիվություն ցուցաբերում, մասնաճյուղերը պարտադիր բերում ենք հաճախորդների համար ավելի հարմարավետ տեսքի , որպեսզի նրանք իրենց մաքսիմալ հանգիստ զգան սպասարկման ընթացքում»,- ասաց Մարգարյանը:
Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը՝ մասնաճյուղում կգործի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով կարելի է, միայն մուտքագրելով հեռախոսահամար՝ փոխանցում կատարել IDBank-ի հաշվեհամարի, համալրել իրավաբանական անձի հաշիվը, ինչպես նաև՝ շուրջօրյա օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ:
«Բանկը սպասարկում է 7 հազարից ավելի հաճախորդի, բայց մեր հնարավորություններն անսահմանափակ են, որովհետև շատ ակտիվ ենք թվային հարթակներում: Փաստացի, մեր հաճախորդներն անխոչընդոտ կարող են օգտվել գրեթե բոլոր ծառայություններից՝ առցանց հարթակներում, իսկ սպասարկման առումով համայնքը շատ մեծ է, և մենք սիրով պատրաստ ենք բոլորին ընդունել»,- ընդգծեց Մարգարյանը, հավելելով, որ վերազինումների շարքը շարունակվելու է, հաջորդ տարի պլանավորում են ևս մի քանի մասնաճյուղերի վերազինում:
IDBank-ի մասնաճյուղային ցանցի կառավարման վարչության ղեկավար Սերգեյ Գալոյանը նշեց, որ մասնաճյուղերը շատ մեծ դեր են խաղում հաճախորդների ստացիոնար սպասարկումը ապահովելու առումով:
«Բանկը, որպես կանխիկի կառավարման ճկուն մեխանիզմ, պետք է ընդլայնի իր ուղղությունները, և նշեմ, որ ժամանակի հետ քայլելով՝ մենք տեսնում ենք, որ ամբողջ բանկային գործիքները գնում են դեպի թվայնացման հարթակ: Ցանկացած վարկային ծառայությունից օգտվելու ընթացքում հաճախորդը շատ ժամանակ էր կորցնում, այս պահին IDBank-ը հասել է այն մակարդակին, որ թվային հարթակի միջոցով բանկային գործիքներից կարող են հանգիստ օգտվել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն կայուն եկամուտ, լավ վարկային պատմություն»,- ասաց Գալոյանը:
IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում: