Հասարակական

Մինասի գույներով. Գյումրիում անցկացվող պլեներին մասնակցում են երիտասարդ նկարիչներ Հայաստանից, Արցախից և Վրաստանից

3 րոպեի ընթերցում

Մինասի գույներով. Գյումրիում անցկացվող պլեներին մասնակցում են երիտասարդ նկարիչներ Հայաստանից, Արցախից և Վրաստանից

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկեց «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ պլեները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» պլեներին մասնակցում են նկարիչներ ՀՀ մարզերից, Արցախից, Ջավախքից և Թբիլիսիից:

Այս տարի պլեներն անցկացվում է նոյեմբերի 17-21-ը՝ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ եւ պետական ֆինանսավորմամբ: Սա մշակութային ծրագիր է, որը հիմնվել է 10 տարի առաջ ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ եւ պետական ֆինանսավորմամբ:

«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 1-ին պլեներն անցկացվել է 2012 թվականին: Ծրագրի արձագանքը բավականին մեծ էր եւ կարիք առաջացավ այն դարձնելու ամենամյա՝ տարեցտարի մեծացնելով մասնակից պատվիրակությունների թիվը:

«Երբ առաջին անգամ էր անցկացվում, մասնակիցները միայն մեր Հանրապետությունից էին, հետո պլեները ոչ միայն իր աշխարհագրությունը, այլ նաև մասնակիցների թիվը մեծացրեց: Պլեները կարևոր հարթակ է նկարիչների համար՝ միմյանց հետ շփվելու ու կապեր հաստատելու, ինչպես նաև՝ փորձի փոխանակման ու ստեղծագործելու»,- ողջունելով և բարի երթ մաղթելով մասնակիցներին՝ նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:

«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ղեկավար Երանուհի Սողոյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը ստացել էր մասնակցության 37 հայտ, որից ընտրվել է 26-ը, վերջնարդյունքում մասնակցում է 25-ը:

«Այս տարվա պլեները երկու առանձնահատկություն ունի՝ անցկացվում է աշնանը: Առաջին անգամ Մինասյան գույներով կպատկերվի աշունը: Մյուս առանձնահատկությունն այն է, որ անցկացվելու է Գյումրիում: Մասնակիցների թիվը մեծ չէ՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ հանգամանքներով: Սակայն այն բոլոր գեղանկարիչները, ովքեր արձագանքեցին ու պատրաստակամ են աշնան գույներով լցնել իրենց կտավները, կունենան հագեցած 5 մշակութային օրերը»:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիից ժամանած նկարիչ Շավլո Փաչոշվիլին նշեց, որ Հայաստան այցելել է տարիներ առաջ, իսկ Գյումրիում առաջին անգամ է: Նրա համար Հայաստանն ասոցացվում է ծիրանագույնի ու վարդագույնի հետ՝ տուֆի ու ծիրանի գույներով :

«Սա հրաշալի հնարավորություն է իմ հայ նկարիչ ընկերների հետ ծանոթանալու, Հայաստանը նկարելու ու բացահայտելու համար: Թեև առաջին օրն է, ու դեռ շատ բան չեմ տեսել, բայց արդեն հիացած եմ: Իմացա, որ Գյումրին իմ սիրելի դերասանի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդավայրն է: Հնարավորության դեպքում կայցելեմ նրա թանգարան, կլինեմ նրա հուշարձանի մոտ: Հայաստանում արած իմ նկարները ուրախությամբ կթողնեմ այստեղ»,- ընդգծեց վրացի նկարիչը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում