Տնտեսություն

Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի պետբյուջեի նախագիծը

3 րոպեի ընթերցում

Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի պետբյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

Նա նախ հիշեցրեց, որ պետբյուջեի նախագիծը ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա բյուջեն է:

«Նախագծի հաստատմամբ ֆինանսավորում կապահովվի այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնց իրականցումը կարձանագրի անհրաժեշտ առաջընթաց կառավարության ծրագրով սահմանված նպատակների ուղղությամբ: 2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը՝ կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի: ԱԺ ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին»,-ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը շեշտեց՝ 2023-ի բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է լինի կառավարության բարեփոխումների և հատկապես տնտեսական քաղաքականության արդյունավետության չափման հիմնական ցուցիչը:

«2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ: Դժվարին մարտահրավեր է այն, որ այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում»,-ասաց Խաչատրյանը:

Ապա նախարարը պարզաբանեց, թե ինչպիսին է լինելու կառավարության այն քաղաքականությունը, որը պետք է նպաստի որակյալ տնտեսական ակտիվության խթանմանը: Կառավարությունը կշարունակի ընդլայնել ներդրումային վերազինմանն ուղղված մասնավոր ծրագրերին աջակցությունը՝ տեխնոլոգիական հոսքագծերի և սարքավորումների նորացմանն ուղղվող վարկերի տոկոսները սուբսիդավորելու եղանակով: Ըստ Խաչատրյանի՝ այս ձևով կառավարությունը կխրախուսի որակյալ ներդրումային որոշումները և կխթանի արտադրողականության բարձրացման ուղղությամբ կազմակերպությունների որոշումների արագացումը: Միայն այս ծրագրով հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված աջակցության միջոցները կգերազանցեն 11 մլրդ դրամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում