ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ եթե կառավարությունն անհարկի միջամտություններ իրականացնի փոխարժեքի հետ կապված, դրանից երկրի տնտեսությունը միայն կտուժի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ է հայտնել «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝անդրադառնալով հարցին, թե կառավարությունը պատրաստվո՞ւմ է քայլեր ձեռնարկել՝ դրամի արժևորումը զսպելու համար այն պայմաններում, դրա հետևանքով արտահանողները խնդիրների են բախվել:
«Այսօր մենք հպարտանում ենք, որ աշխարհի 165 երկրների շարքում Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում: Սա նաև նրա շնորհիվ է, որ Հայաստանն ապացուցել է, որ շուկայական տնտեսությամբ երկիր է»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ կան մտահոգություններ, բայց կան նաև շուկայական իրողություններ: «Եթե հանկարծ կառավարությունն անհարկի միջամտություններ իրականացնի փոխարժեքի հետ կապված, ես համոզված ասում եմ, որ դրանից մեր տնտեսությունը միայն կտուժի, միայն կկորցնի»,-ասաց վարչապետը:
Կառավարությունը ծանոթ է այն մտահոգություններին, որոնք առկա են դրամի արժևորման հետ կապված: Եվ կառավարության տնտեսական թիմը Կենտրոնական բանկի փորձագետների, ներկայացուցիչների հետ անընդհատ քննարկում է այդ հարցը: «Եվ մենք, կարծում եմ, վարում ենք ճիշտ տնտեսական քաղաքականություն: Եվ այդ ճիշտ տնտեսական քաղաքականության արգասիք է նաև այն աննախադեպ տնտեսական աճը, որ այսօր ՀՀ-ն ունի»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ պետք է լսեն գործարարների ահազանգերը, վերլուծեն և օբյեկտիվ խնդիրների դեպքում արձագանքեն ճիշտ գործիքակազմերով: «Եվ կառավարությունը որևէ կերպ փոխարժեքին և ԿԲ դրամավարկային քաղաքականությանը չպետք է խառնվի: Հակառակ դեպքում մենք այդ շուկայական տնտեսության համարումը կկորցնենք»,-եզրափակեց վարչապետը: