Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հալպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Այստեղ անդրադառնալով ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին՝ նա նշեց, որ հրեա հետազոտողներից ոմանք համեմատել են Մուսա լեռան և գետտոներում ու նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների դիմադրությունները:

Նա նշեց նաև, որ «Հոլոքոստ» տերմինով ժամանակակիցները կոչում էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածներն Օսմանյան կայսրությունում՝ հրեաների ցեղասպանությունից տասնամյակներ առաջ:

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Սիմոնա Հալպերինին նվիրեց “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական հանդեսի համարներից:

Հայերեն Español Français

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ