Հասարակական

ԱՊՀ պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությանը

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ  պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական  քաղաքականությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։

Ծրագրի մասնակիցները նոյեմբերի 8-ին այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական քաղաքականությանը:

Նրանց հետ հանդիպմանը նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչությանպետ Զարա Ասլանյանը ներկայացրել է երիտասարդության ոլորտում պետության աջակցությամբ իրականացվող հիմնական ծրագրերը:

Նա նշել է, որ պետությունն ամեն ինչ անում է երիտասարդների ինքնիրացման համար նոր հնարավորություններ ստեղծելու, նրանց կարողությունները զարգացնելու նպատակով. «Մեր նպատակն է երիտասարդների շրջանում ձևավորել գրագետ հասարակություն, որը կծառայի նաև պետության զարգացմանը»:

Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ երիտասարդության մասին օրենքի նախագծի մշակման նպատակով իրականացվում է այլ երկրների փորձի ուսումնասիրություն:

Քննարկման ընթացքում կարևորվել են հատկապես մարզերում իրականացվող ծրագրերը՝ երիտասարդների զբաղվածության ապահովման, կրթության իրավունքի իրացման առաջնահերթությունների շեշտադրմամբ:

Հյուրերը բարձրաձայնել են երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ակնկալվող արդյունքներին և ընձեռած հնարավորություններին:

ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի մասնակիցներն այցելելու են նաև Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական կենտրոններ, ծանոթանալու են երիտասարդական աշխատանքներին Երևանում և մարզերում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է այց Հայաստանի 2022 թ. Երիտասարդական մայրաքաղաք Հրազդան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում