Հասարակական

ՀՀ ոստիկանության պետը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երթևեկության վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանության պետը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երթևեկության վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի ոստիկանության և Ղազախստանի ներքին գործերի նախարարության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությանը։

«ՀՀ ոստիկանության պետը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բոլատ Իմանբաևը ՀՀ ոստիկանության պետին փոխանցեց Ղազախստանի ներքին գործերի նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը նաև իր դրական կարծիքը հայտնեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Բոլատ Իմանբաևը, բարձր գնահատելով Հայաստանի և Ղազախստանի միջև 30-ամյա սերտ համագործակցությունը, ներկայացրեց Ղազախստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ խոսվել է տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման մասին։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև երթևեկության կարգավորման և վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման վերաբերյալ հարցեր։ Որոշում է կայացվել այդ ուղղությամբ շարունակել հետագա հանդիպումներն ու քննարկումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում