Հեղափոխությունից 4 տարի հետո բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի արդյունքներով բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կգերազանցեն 2018 թվականի ցուցանիշը, իսկ 2023-ի պլանավորածն ավել կլինի 946 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Վարչապետը հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժը մի քանի շատ կարևոր, հիշվող և սկզբունքային նշանակության խոստումներ է տվել հեղափոխության ժամանակ, ինքն անձամբ խոստացել էր, որ 1-2 տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելացնեն 35-40 տոկոս: Փաշինյանն ընդգծեց, որ այդ խոստումը լիարժեք կատարվել է: Ապա վարչապետը ներկայացրեց, թե 2022 թվականին այս առումով ինչ է տեղի ունենում պետբյուջեի հետ և 2023-ին ինչ են պլանավորում:
«2022 թվականի արդյունքներով մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ 1.6 մլրդ դոլարով կգերազանցեն 2018 թվականի ցուցանիշը: Սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թվականին նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թվականին 52 տոկոս բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 2018-ի համեմատ: Իսկ 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: Այսինքն ՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով: Դա պլանավորվածն է, որը մենք պետք է իրականացնեք: Իսկ ընթացիկ տարվա բյուջեն մենք սպասում ենք, որ մոտ 80 մլրդ դրամով կգերակատարվի»,-ասաց Փաշինյանը: