Նախատեսվում է պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցնել՝ հասցնելով 50 տոկոսի
2 րոպեի ընթերցում
![Նախատեսվում է պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցնել՝ հասցնելով 50 տոկոսի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1096056.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին նախատեսվում է ապահովել համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Որքան պարտքը և պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Հայտնի է, որ անորոշությունները շատ են, և այս տարվա միջավայրը դրա վկայությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որպեսզի պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն Կառավարության անելիքների իրականացման ռիսկեր»,- ասաց Խաչատրյանը։
Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի արդյունքներով պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա էր և կազմում էր 60,3 տոկոս։
«Կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը։