Հասարակական

Ջերմուկում իրավիճակը անհանգստացնող է, հյուրանոցները, սակայն, սկսել են աշխատել․Քերոբյան

2 րոպեի ընթերցում

Ջերմուկում իրավիճակը անհանգստացնող է, հյուրանոցները, սակայն, սկսել են աշխատել․Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։

«Անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց պարզ է, որ հիմա այդպիսին չէ իրավիճակը։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ակտիվանում է կյանքը՝ ինչպես այնտեղ, այնպես էլ մյուս վայրերում։ Ջերմուկի ճոպանուղին չի գործում, որովհետև այնտեղ կա պահեստամասեր ներմուծելու և վերանորոգելու խնդիր։ Մինչև սեպտեմբերի 13-ը Ջերմուկի հյուրանոցներում ազատ տեղ չկար, հիմա հնարավոր է հյուրանոցների 10-15 տոկոսը զբոսաշրջիկներով բնակեցված լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի կրած տնտեսական վնասներին, ապա, ըստ Քերոբյանի, Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերը Հայաստանի տնտեսության մեջ մեծ մասնակցություն չունեն, սակայն ընդհանուր բիզնես միջավայրի վրա այդ ամենն ազդեցություն ունեցել է՝ բազմաթիվ միջոցառումներ են չեղարկվել, որոշ ներդրողներ սկսել են հետաձգել իրենց ծրագրերը։ Սակայն Քերոբյանը կոչ արեց բոլոր ներդրողներին չդադարեցնել և չհետաձգել իրենց պլանները։

Նախարարը նաև հիշեցրեց, որ Կառավարությունը գումար է հատկացրել մարզպետարաններին, որպեսզի արագ վերականգնվեն բնակավայրերը։

«Այսօր մարզպետարանները զբաղվում են միջավայրերը ակտիվացնելու գործով։ Մենք էլ պլանավորում ենք ծրագրեր զբոսաշրջային միջավայրը ակտիվացնելու համար,- ասաց Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում