Հասարակական

Կանանց խտրականության ՄԱԿ-ի կոնվենցիայի քննարկմանը նշվել է ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունների մասին

2 րոպեի ընթերցում

Կանանց խտրականության ՄԱԿ-ի կոնվենցիայի քննարկմանը նշվել է ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում (հոկտեմբերի 12 և 13) տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատեց կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։ Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի ունեցավ հեռավար եղանակով:

«ՀՀ պատվիրակությունը, որը կազմված էր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից, ղեկավարում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և համանախագահում Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի կողմից բարձրացված բազմաթիվ հարցադրումների, այդ թվում քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, կրթության, զբաղվածության, առողջապահության, տնտեսական, սոցիալական բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և իրավունքների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունն են հրավիրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում