Հասարակական

Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև

3 րոպեի ընթերցում

Կոնգրեսականը ներկայացրել է Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու բանաձև

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Ջեքի Սփեյերն Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին բանաձև է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Եվրոպական դատարանից Հայաստանը պահանջել էր նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը:

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որի քաղաքացիական ենթակառուցվածքներին պարբերաբար հրետանային ու հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման ընթացքում: Դիվանագետները ծանոթացել են ադրբեջանական հրետակոծությունից հետո քաղաքում ստեղծված իրավիճակին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նրանց ներկայացրել է սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև հարձակման ընթացքում ադրբեջանական զինված ուժերի գործած վայրագությունները: Մասնավորապես ԳՇ պետը հայտնել է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացել էր ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում