Միացյալ Նահանգներ

«Սուրմալուի» կիսաքանդ շենքի վտանգները վերացնելու խնդիրը ԱԻՆ գործառույթների մեջ չի մտնում. Փրկարար ծառայության ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

«Սուրմալուի» կիսաքանդ շենքի վտանգները վերացնելու խնդիրը ԱԻՆ  գործառույթների մեջ չի մտնում. Փրկարար ծառայության ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» տոնավաճառում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից մեկ ամսից ավելի է անցել, սակայն շուկան շարունակում էր աշխատել` չնայած տարածքում առկա փլուզման վտանգին. սեպտեմբերի 21-ին վնասված շինությունը մասնակի փլուզվեց, երեք տուժած տեղափոխվեց հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում շուկայի աշխատակից Համիկ Ավագյանն ասաց, որ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած փլուզման արդյունքում տուժել է իր մեքենան, որը սակայն, թույլատրված վայրում էր կայանված:

«Մեզ ոչ ոք չի զգուշացրել, որ շենքը կարող է նորից փլուզվել»,-ասաց նա՝ հավելելով, որ շենքը պետք է օր առաջ ապամոնտաժվի:

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը «Արմենպրես»-ին ասաց, որ «Սուրմալու»-ում երկրորդ փլուզումը կանխատեսելի էր, քանի որ դա արդեն վտանգ ներկայացնող կիսաքանդ կառույց էր, որը պետք է սահմանազատված լիներ, մարդկանց և տեխնիկայի մուտքն ու ելքը փակված լիներ:

Նա նշեց, որ օգոստոսի 14-ից 24-ը ներառյալ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո, ԱԻՆ-ը ևս 2-3 օր հերթապահություն իրականացրեց. դրանով իսկ ավարտվեցին ԱԻՆ-ի գործառույթները:

«Եթե ինֆորմացիա ունենայինք վտանգի մասին, իրազեկման աշխատանքներ, բնականաբար, կիրականացնեինք: Կիսաքանդ շենքի վտանգները վերացնելու խնդիրը արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների մեջ չի մտնում: Քննչական գործողությունները ավարտելուց հետո շենքը համապատասխան ծառայություններին պետք է հանձնվեր: Մենք արձագանքման գործընթացներ ենք իրականացնում»,-հավելեց Սարոյանը:

Նա նշեց, որ տարածքի մաքրման, ապամոնտաժման աշխատանքների հետ կապված արտակարգ իրավիճակների նախարարությունը գործառույթներ չի իրականացնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում