Հասարակական

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադարձել է հայկական ուղղությամբ Ադրբեջանի հարձակմանը՝ կողմերին կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար, առավելագույն զսպվածություն դրսևորել և չլուծված բոլոր հարցերը լուծել երկխոսության և գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ գլխավոր քարտուղարը նաև հորդորում է ամբողջությամբ իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնում տարածաշրջանում բոլոր միջնորդական ջանքերին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում