Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պաշտոնապես շահագործման հանձնվեց «Բարեկամության» կամուրջը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում պաշտոնապես շահագործման հանձնվեց Դեբեդ գետի վրա կառուցված նոր կամուրջը: Ինչպես տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ խորհրդանշական «Բարեկամություն» անվանումը ստացած նոր կամրջի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար երկու կողմից ժամանել էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ղեկավարները:

Հայ-վրացական անցակետում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ՝ շնորհավորելով միմյանց հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակ­ցությունն ազդարարող կամրջի գործարկման կապակցությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ողջունելու ներկաներին հայ-վրացական բազմաբովանդակ համագործակ­ցությունն ազդարարող կամրջի գործարկման միջոցառմանը:

«Անկասկած, ընդհանուր արժեք­ների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու բարեկամ երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղա­քա­կանության կարևոր առաջնայնություն­ներին համապատասխան, զարգացնելու և խորացնելու եղբայրական Վրաստանի հետ հետագա հարաբերությունները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ ներկայիս բարդագույն մարտահրա­վեր­ների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում, որը համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է:

«Այդուհանդերձ, հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերու­թյուններն ունեն առավել մեծ ներուժ: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտե­սության, դեղագործության, տեղե­կատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերու­թյունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ ապահովել ազգային, տարածա­շրջանային և միջազգային մակար­դակով։ Մեր երկկողմ համագոր­ծակ­ցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպոր­տային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնու­թյուններում։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրակա­նացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակ­ցությանը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրում­ներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև երկաթուղային տրանսպորտային համագործակ­ցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

«Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։

Բագրատաշեն-Սադախլո անցակետում ընդհանուր առմամբ կառուցվել է երկու կամուրջ՝ միմյանցից 1 մետր հեռավորությամբ: Յուրաքանչյուր կամրջի երկարությունը 11.85 մետր է, ընդհանուր լայնությունը՝ մոտ 25 մետր: Կամրջի երկարությունը՝ 160 մետր: «Բարեկամություն» կամրջի շինարարությունը մեկնարկել էր 2021 թ. մայիսի 13-ին: Կամուրջը կառուցվել է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից, խորհրդատվությունը տրամադրել է «Սուսունգ էնջիներինգ և Կորեա քընսալթանթս Ինթերնեյշնլ» Հ/Ձ-ն: Ծրագիրն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2012թ. նոյեմբերի 23-ին, որից հետո 2014 դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել էր միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվեց միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը Հայաստանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացնելու նպատակով:

Լրագրող՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա