Մենք իրար օգնում ենք, և այդպես կլինի միշտ. ինչպես ռուս և բելգիացի կինոլոգներն օգնության հասան հայ փրկարարներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոլոգներ՝ ազգությամբ ռուս Օքսանան և բելգիացի Դենիսը օգոստոսի 14-ին հանգստյան օրն անցկացնում էին Հայաստանի սարերից մեկում, երբ իմացան «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Ամուսնական զույգն անմիջապես շտապել է օգնության հասնել հայ փրկարարներին:

Օքսանայի ու Դենիսի հետ կապվել էին իրենց վաղեմի գործընկերները Հայաստանի փրկարար ծառայությունից, որոնց հետ մասնակցել էին միջազգային վարժանքների և սերտ համագործակցություն ունեն: Տեղեկություն ստանալուց անմիջապես հետո նրանք ուղևորվում են Երևան, հանդերձավորվում և կինոլոգիական շների՝ Շիվայի և Շակտիի հետ ժամանում «Սուրմալու» առևտրի կենտրոն:

Ռուս ևբելգիացի կինոլոգները պայթյունից ժամեր անց արդեն դեպքի վայրում էին

«Այդ ժամանակ Երևանից դուրս սարերից մեկում զբոսնում էինք, հանգստանում, բայց պայթյունի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո վերադարձանք Երևան: Մենք աղջիկ ունենք, չգիտեինք՝ նրան ում մոտ թողնել, ինչը հավելյալ խնդիրներ առաջացրեց, այդ իսկ պատճառով դեպքի վայր ժամանեցինք մի փոքր ուշ՝ 6 ժամ անց, բայց նույնիսկ եթե շուտ հասնեինք, կինոլոգիական ծառայություն հնարավոր չէր լինի իրականացնել, որովհետև դեռևս շարունակվում էին պայթյունները, հրդեհը: Սկզբում անհրաժեշտ է հաստատել մինիմալ անվտանգ պայմաններ փրկարար ծառայության աշխատակիցների և շների համար, որից հետո սկսել աշխատանքը: Բայց նույնիսկ այդ բարդ պայմաններում Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները գերազանց աշխատեցին և կարողացան հենց սկզբից փրկել մարդկանց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Օքսանան:

Օքսանան արդենշուրջ մեկ տարի է՝ ամուսնու հետ ապրում է Հայաստանում

Օքսանան և Դենիսը գերմանական «@fire International Disaster Response Germany» կազմակերպության անդամներ են: Շներին վարժեցրել են կազմակերպության ծրագրի շրջանակներում: Ավելի քան 400 անդամ ունեցող կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում աղետների ժամանակ աշխարհի ցանկացած կետում:

«Մեր կազմակերպությունը օգնության է հասնում անտառային հրդեհների, պայթյունների, երկրաշարժների ժամանակ: Ներկայումս մեր կազմակերպության անդամների մի մասը Գերմանիայում պայքարում է անտառային հրդեհների դեմ: Մեր կազմակերպությունը օգնություն է ցուցաբերել 2020 թվականի օգոստոսին Լիբանանում ուժգին պայթյունի ժամանակ»,- ասաց Օքսանան:

Օքսանան նշում է, որ հայ փրկարարները շատ լավ են աշխատել նման բարդ և քաոտիկ պայմաններում ու կարողացել են կատարել իրենց խնդիրը:

Հայ և ռուս փրկարարները քննարկում են կինոլոգիական շան գտած հետքով ձեռնարկվելիք հետագա գործողությունները

«Գիտեք, որքան ժամանակն անցնում է, այդքան նվազում է փլատակներում մարդկանց ողջ մնալու հավանականությունը, մանավանդ հրդեհի ու ծխի առկայության դեպքում: Շատ դժվար պայմաններ էին: Գիտեմ, որ հասարակության մոտ հարցեր էին առաջացել, թե ինչու որոնողափրկարարական աշխատանքներն արագ չեն ընթանում: Կարող եմ ասել հետևյալը, որ աշխատանքները արագ չեն կարող ընթանալ, դա որոշակի ժամանակ է պահանջում: Շատ դժվար պայմաններ էին, և փրկարար ծառայողները գերազանց կատարեցին իրենց աշխատանքը: Սա մեր առաջին համագործակցությունը չէր Հայաստանի փրկարար ծառայության հետ, և մեր միասնական աշխատանքը հրաշալի էր: Երեկ գիշերը (oգոստոսի 16-ին-խմբ.) մեր շները կարողացան գտնել անհետ կորածի հետք, որից հետո փրկարարները սկսեցին իրականացնել որոնողական աշխատանքները»,- ասաց Օքսանան:

Կինոլոգիական շունը՝ Շիվան, փրկարարներին հուշում է մարդկանց հնարավոր գտնվելու վայրը

Օքսանան և Դենիսը գրեթե մեկ տարի է՝ ապրում են Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանում մարդիկ բարի են:

«Աշխարհը շատ փոքր է: Հայաստանի փրկարարների հետ ես ծանոթացել եմ միջազգային վարժանքների ժամանակ, և այնտեղից ենք մենք իրար ճանաչում: Մենք իրար օգնում ենք, այդպես եղել է և, կարծում եմ, այդպես կլինի»,-եզրափակեց Օքսանան:

Օքսանան շնորհակալություն է հայտնում Շիվային կատարած լավ աշխատանքի համար

Հեղինակ՝ Կարեն Խաչատրյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյան

Հայերեն English Русский Türkçe

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր