ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհված 16 քաղաքացիներից 10-ի անձը դեռևս պարզված չէ։ Նրանց մեջ կա մեկ հղի կին և մանկահասակ երեխա։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
Անհետ կորած է համարվում 18 քաղաքացի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։