Հասարակական

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները Կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները Կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նամակը համատեղ ստորագրել են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։

Նամակում մասնավորապես անդրադարձ է կատարվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական վերջին հարձակումներին և 2020 թ․ նոյեմբերին ձևավորված շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորումների և խախտել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ։

Նամակը ստորագրած խորհրդարանականներն ավստրալիական կառավարությունից պահանջել են հրապարակայնորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Ի թիվս այլնի, նամակի հեղինակները նաև ընդգծել են, որ ադրբեջանական վերջին ագրեսիան, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Բերձորի ու Աղավնոյի շրջանները, որտեղով անցնում է Լաչինի միջանցքը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի աղաղակող խախտում է։

Անդրադառնալով հիշյալ գրությանը՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը հայտարարել է․

«Ավստրալիահայ համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում Ջոնաթան Օդեային և Ուոլթ Սեքորդին՝ բազմաթիվ միջազգային քաղաքական առաջնորդների միանալու համար, ովքեր ձգտում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները՝ փորձելով կանխել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում