4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ավտոպարկը կթարմացվի, կառավարության կողմից տրամադրած ֆինանսավորմամբ մինչև տարեվերջ ձեռք կբերվի երկու տասնյակից ավելի մեքենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը նշեց, որ ավտոպարկը թարմացնելու խիստ անհրաժեշտություն կա: Դեռ շահագործվում են խորհրդային ժամանակներից մնացած ավտոմեքենաներ, որոնք ձեռնտու չեն:
«Կառավարության կողմից հատկացվել է1,2 մլրդ ՀՀ դրամ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: Գումարի մի մասով նախատեսված է ձեռք բերել ամենագնացներ, արագ արձագանքման ավտոմեքենաներ: Դրանք հիմնականում կօգտագործենք անտառամերձ համայնքներում հրշեջ փրկրարակական ջոկատներում: Բարձր ռելիեֆի դեպքում կկիրառենք այդ մեքենաները:Անհրաժեշտության դեպքում կարող ենք տեղադրել ջրաբաքեր ջուրը դժվար հասանելի վայրերում հասանելի դարձնելու համար»,-ասաց Բագրատ Վարդազարյանը:
Նոր ձեռք բերվող ավտոմեքենաները բաշխվելու են Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում,Կոտայքում, Գեղարքունիքում,Տավուշում: Բագրատ Վարդազարյանը նկատեց, որ այդ մարզերում հատկապես ավտոպարկի թարմացման խնդիրը սուր է: Ավտոմեքենաները բավական հին են, ավտոպարկում առկա են 80-ական թվականների արտադրության ԶԻԼ մակնիշի մեքենաներ, որոնցով հրդեհաշիջումը ոչ միայն արդյունավետ չէ, այլև դրանց շահագործումը, սպասարկումը լրացուցիչ ծախս է պահանջում:
«Կառավարության կողմից նախարարությանը հատկացրած գումարով ձեռք ենք բերելու 28 մեքենա: Նախնական տվյալներով ավտոմեքենաները մինչև տարեվերջ ձեռք բերված կլինեն: Ավտոպարկի թարմացումը շարունակական է լինելու: Համագործակցելով այլ միջազգային դոնոր կազմկերպությունների հետ՝ դրամաշնորհային գումարով նոր մեքենաներ ենք ստանում: Այս տարի արդեն Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում նվիրաբերվել են մեքենաներ: Դրանք հատկացվել են հրշեջ փրկարարական ջոկատներին»,-ասաց Բագրատ Վարդազարյանը:
Ե՛վ դրամաշնորհով, և՛ կառավարության հատկացրած գումարով Փրկարար ծառայության ավտոպարկն առաջիկայում 20-25 տոկոսով կթարմացվի:
Կառավարությունը հուլիսի 14-ի նիստում հավանության է արժանացրելՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը զեկուցել էր, որ նախագծով նախատեսվում է գերատեսչությանը 1,2 մլրդ ՀՀ դրամ հատկացնել վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: Նա նշել րէ, որ հրշեջ-փրկարարարական ջոկատները հիմնականում տեղակայված են 60-70-ական թվականներին կառուցված տիպային շենքերում, որոնք բավական հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասով՝ 60 տոկոսից ավելին, մարտական հաշվարկների են դրված ԽՍՀՄ տարիների արտադրության մեքենաներ, որոնք հնամաշ են, ծախսատար և բացասաբար են ազդում աշխատանքի որակի վրա: Նախատեսվում է ձեռք բերել 6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ, ինչպես նաև վերանորոգել ԱԻՆ վարչական շենքի 2-րդ մասնաշենքը և բարելավել Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 ՀՓՋ-ների, Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, կապիտալ նորոգել Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղին:
Աննա Գզիրյան