Հասարակական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով 2022 թ. հուլիսի 9-17-ը կազմակերպում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, դասընթացը, որը տեղի է ունենում հուլիսի 10-15-ը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով, մասնակիցներին կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական դիտանկյունները, միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա անպատժելիության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական, տնտեսական իրադրության վրա: Առանձին դասաժամ է հատկացվել Արցախյան հիմնահարցին: Ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը կնպաստի ուսուցիչների շրջանում հայերի, հայոց պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը:

«Այս տարի ծրագրին մասնակցելու են 15 ուսուցիչներ՝ ԱՄՆ 15 տարբեր նահանգներից: Նրանց մեծ մասն ունի հումանիտար ոլորտում դասավանդելու 20 և ավել տարիների փորձ, ոմանք խմբագրել կամ մասնակցել են ցեղասպանության մասին ժողովածուների հրատարակմանը, տարբեր թանգարանների կրթական ծրագրերի մշակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի արդյունքում մասնակիցները, ծանոթանալով Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, GenEd կազմակերպության աջակցությամբ կկազմակերպեն վերապատրաստման նման ծրագրեր և գործնական պարապմունքներ իրենց նահանգներում:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում