ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի նպատակն էր քոլեջների ներկայացուցիչների հետ քննարկել հավատարմագրման գործընթացը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների զարգացման համատեքստում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ միջին մասնագիտական կրթության դեպքում որակի ապահովման ամենակարևոր գործիքներից մեկը հավատարմագրման գործընթացն է, որը քոլեջներում արդեն մի քանի տարի իրականացվող պրոցես է: Նա ընդգծեց, որ դեռևս չկա ամբողջական ծածկույթ, սակայն նախատեսում են առաջիկա տարիներին պրոցեսն ավարտին հասցնել:
«Սա մի գործընթաց է, որը թույլ է տալիս ախտորոշել իրավիճակը, հասկանալ թե որոնք են հիմնական խնդիրները, վերլուծել, թե ինչքանով են միջին մասնագիտական ծրագրերը համադրվում բուհական կրթության հետ: Այս գործընթացը շատ օգնում է քոլեջների կարողությունների զարգացմանը: Կարևորում ենք, որպեսզի մեր քոլեջները անցնեն այս գործընթացով»,- նշեց փոխնախարարը:
Նա կարևորեց, որ այս տարի քոլեջները հնարավորություն ունեն մասնակցել «Էրազմուս»-ի ծրագրերին և համագործակցություն ծավալել եվրոպական հաստատությունների հետ:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպվող նման միջոցառումների արդյունքում կրթության տարբեր շահակիցների շփումը դառնում է ավելի սերտ։ Քննարկման և երկխոսության հնարավորությունները թույլ են տալիս ձևավորել համագործակցության ու փորձի փոխանակման մթնոլորտ։
«Կարծում եմ այս միջոցառումից հետո մեծ ուշադրության կենտրոնում կլինեն քոլեջները: Հայաստանը բուհակենտրոն է, կարևոր է ուշադրություն դարձնել նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններին: Մարդիկ մտածում են, որ քոլեջները բուհ ընդունվելու համար են, ոչ թե մասնագիտանալու: Կարծում եմ պետք է և՛ կառավարությունը, և՛ գործատուները ավելի ուշադիր լինեն միջին մասնագիտականին»,- ասաց Թոփչյանը:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին արտաքին գնահատման գործընթացների արդյունքները և առկա մարտահրավերները կառավարման բարձր օղակների և որակի ապահովման պատասխանատուների տեսանկյունից, փորձագիտական կարողությունների ձևավորումը ՀՀ-ում ու դրա ներգործությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի վրա։
Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի շահակիցների հետ կապի պատասխանատու Արմենուհի Մհերյանն ընդգծեց, որ կենտրոնը տարբեր ձևերով փորձում է իրականացնել համագործակցություն տարբեր քոլեջների, բուհերի, նախարարության հետ: Նա նշեց, որ միջոցառումը հետաքրքիր ու լավ հարթակ է ստեղծում, որպեսզի ձևավորվեն համագործակցություններ, որակի ապահովման միասնական մոտեցումը լինի ընդունելի ու տարածելի տարբեր կրթական հաստատությունների շրջանակում:
«Ակնկալում ենք փոխհամաձայնության ընդլայնում տարբեր շահակիցների հետ: Ինչպես նաև նախատեսում ենք, որպեսզի որակի ապահովման մեր հայեցակարգերը ավելի տարածելի լինեն կրթական համակարգում և մեր շահակիցների համար լինեն ընկալելի և ընդունելի»,- առանձնացրեց Մհերյանը:
Շահակիցների հետ պանելային երկու քննարկումներին հաջորդեց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար «Էրազմուս +» ծրագրերի հնարավորությունների և պահանջների ներկայացումը։