Անշարժ գույքի շուկայում մեծ ակտիվություն է նկատվում. ավելացել են բնակարանների առուվաճառքի և վարձակալության գները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անշարժ գույքի շուկայում մեծ ակտիվություն է նկատվում, 2010 թվականից ի վեր այս տարվա մայիսին իրականացվել են ամենաշատ գործարքները, ավելացել է ինչպես առուվաճառքը, այնպես էլ վարձակալությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կադաստրի կոմիտեի Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ Հմայակ Հակոբյանն ասաց. «Մենք վերլուծել ենք վերջին մի քանի տարիների մայիս ամիսների գործարքների քանակները: 2010 թվականից սկսած շուկայում ամենաշատ գործարքները գրանցվել են 2022-ի մայիս ամսին՝ 17 հազար 822 գործարք: Անցյալ տարվա նկատմամբ քանակային առումով ապրիլ ամսվա համեմատ 7.1 տոկոսով աճել են ամբողջ հանրապետությունում, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ՝ 10.8 տոկոսով են աճել»:

Հակոբյանը գնողունակ պահանջարկի աճ է նկատել, մի շարք ծրագրեր խթանում են աճին, օրինակ` հիփոթեքային վարկերի դեպքում կան շահագրգռող գործիքներ: Այսպիսով՝ շուկայում աշխուժություն է նկատվում:

Այս տարվա մայիսին իրականացվել է առուվաճառքի 5 հազար 74 գործարք, ինչը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 13.4 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ 13.1 տոկոսով: Ընդ որում, սա 2011 թվականից ի վեր մայիս ամսին գրանցված առուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է: Անշարժ գույքի 454 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները: Այս տարվա միայն մայիսին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 177 անշարժ գույք, ինչը ապրիլի համեմատ ավելացել է 7.3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ ավելի քան 55 տոկոսով:

«454-ի մեջ ամենաշատը ՌԴ քաղաքացիներն են, երկրորդը՝ ԱՄՆ-ի, երրորդը՝ Իրանի քաղաքացիները: Նրանք հիմնականում ազգությամբ հայեր են»,-ասաց Հակոբյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մայիսին Երևանում բնակարանների 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները ապրիլի համեմատ աճել են 1.5 տոկոսով, իսկ 2021-ի մայիսի համեմատ՝ 17.2 տոկոսով: Գների էական աճի մասին են նշում նաև անշարժ գույքի գործակալությունում: «Աղաջանյաններ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գոռ Աղաջանյանը նկատել է՝ գործարքները սկսել են ակտիվանալ փետրվարի վերջից, մարտից սկսած, երբ ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված մեծացել է այցելուների հոսքը Հայաստան:

«Այսօր բավականին ակտիվ է շուկան՝ թե բնակարաններ, թե առանձնատներ և թե կոմերցիոն տարածքներ: Նույնիսկ բիզնեսներ կային, որ գործում էին Ռուսաստանում, սանկցիաների հաշվին այսօր տեղափոխվել են Հայաստան: Եթե մի բանի պահանջարկը շատ է լինում, գներն էլ սկսում են բարձրանալ: Այսօր շատ-շատ կան թե վարձակալներ,թե պոտենցիալ գնորդներ: Հայաստանում դրա հետ կապված բավականին գնաճ է նկատվում: Գնաճ նկատվեց նույնիսկ վերջին շրջանում, երբ դոլարի կուրսը փոփոխվեց, դոլարի կուրսը փոփոխվեց, նույնիսկ այն մարդիկ, որոնց առևտուրը հետագայում լինելու էր դոլարով, գինը բարձրացրին: Ես կարծում եմ, որ հետագայում, եթե նույնիսկ դոլարի կուրսը գա իր նախկին մակարդակին, որը եղել է, մեկ է ոչ մեկ չի զանգելու ոչ մի գործակալություն և ասի՝ մեր տան գինը 20 հազար իջեցրեք»,-ասաց Աղաջանյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում մայիսին նվազել են վարձակալության գործարքները՝ կազմելով 906: Այնինչ 2021-ի մայիսի նկատմամբ 52.5 տոկոսով աճել է բնակարանների վարձակալության գործարքների քանակը՝ կազմելով 183, իսկ 2022-ի ապրիլի համեմատ աճը կազմել է 7.6 տոկոս: Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, այս դեպքում իրական թվերը չի արտացոլում, քանի որ վարձակալության պայմանագրի չգրանցումը հետևանք չի առաջացնում, շատերը դրանք չեն գրանցում՝ հարկերից խուսափելու համար: Անշարժ գույքի գործակալությունում վարձակալության գործարքների էական աճ են նկատում, ընդ որում վարձակալների թվում շատ մեծ մաս են կազմում օտարերկրյա քաղաքացիները: Գործակալությունում նաև մեկ այլ միտում են նկատել՝ մարդիկ հանում են իրենց 1-2 տարվա վարձակալին ու սկսում նոր վարձակալ փնտրել՝ ավելի բարձր գնով: «Այն տունը, որ տալիս էին 500 դոլար, տալիս են 1000 դոլար: Տեղեր կան, որ նույնիսկ 500-ը դարձել է 1200-1300 դոլար, միջինը 50 տոկոսով բարձրացել է վարձակալությունը»,-ասաց Աղաջանյանը:

Լրագրող՝ Աննա Գրիգորյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Մոնտաժող՝ Վահագն Գալստյան

Հայերեն Español Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին