Հարսանեկան արարողություն՝ Արարատի գագաթին. երիտասարդ զույգի յուրահատուկ ամուսնությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարողության վայրը՝ Մասիսի գագաթ, հանդերձանքը՝ արշավային հագուստ. հրավիրված եք հարսանեկան միջոցառման: Իշխան Գևորգյանն ու Աշխեն Հովհաննիսյանն այն երիտասարդ զույգերից են, որ ամուսնությունից առաջ մտածում են, թե ինչպես կազմակերպել հարսանեկան արարողությունը, որ այն դառնա հիշարժան ու ինքնատիպ: Նրանք երկուսով սիրում են բնությունը, արշավները, լեռներ, բարձունքներ հաղթահարելը, և այս ընդհանուր նախասիրությունը հարսանեկան արարողությունը կազմակերպելու հիմք հանդիսացավ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աշխենը պատմեց, որ փեսացուին առաջարկել է որևէ հանգստավայրում մեղրամիսը կազմակերպելու փոխարեն մասնակցել Մասիսի գագաթ բարձրանալու արշավին:

«Իշխանի հետ բազմիցս խոսել ենք Մասիսը բարձրանալու մեր երազանքի մասին: Հայերի մեծամասնությունը միշտ էլ երազում է Արարատը բարձրանալու մասին, այդ ցանկությունը, կարծես, փոքրուց լինի: Իշխանին միշտ առաջարկում էի ամուսնությունից հետո գնանք Մասիսը բարձրանանք: Հետո մի օր խոսեցինք, և Իշխանն ասաց՝ արի գնանք ու միանգամից Մասիսի գագաթին էլ ամուսնանանք, դրանից լավ ամուսնական արարողություն չի լինի: Բնականաբար, համաձայնեցի»,- պատմում է Աշխեն Հովհաննիսյանը:

Որոշեցին ու արեցին. օրեր շարունակ դժվարությունները հաղթահարելով 2018 թվականի օգոստոսի 26-ին հասան Արարատի գագաթ: Թթվածնի պակասությամբ պայմանավորված՝ այնտեղ բավական դժվար է լինում տեղաշարժվելը, չի բացառվում ինքնազգացողության վատացումը, սակայն ոչինչ չէր խանգարում նրանց մեծ ցանկությունն իրականացնելուն: Իշխան Գևորգյանը պատմում է, որ արշավախմբում շատ քչերն էին տեղյակ, որ իրենք պատրաստվում են գագաթին հարսանեկան արարողություն կազմակերպել:

«Արշավի մասնակիցների հիմնական մասն ամենավերջում տեղյակ եղավ մեր նախաձեռնության մասին: Գագաթին էինք, ասացինք՝ դուք հրավիրված եք հարսանիքի:Մարտին Մարտիրոսյանը («Հատիս» արշավախմբի ղեկավար) խաչը պահեց, մյուսներն օգնեցին շամպայնը լցնել: Այլ կերպ ասած՝ ներկաներին անակնկալ արեցինք: Կարծես երկու ուժեղ զգացողություն բազմապատկվել էր. մի կողմից՝ Մասիսի գագաթը բարձրանալու դժվարությունը հաղթահարելն էր, մյուս կողմից՝ ամուսնության արարողությունը»,- ասաց Իշխան Գևորգյանը:

Երիտասարդ զույգը տարիներ անց ժպիտով ու հիացմունքով է հիշում ինքնատիպ հարսանեկան օրը, պատմում հզոր, հպարտ զգացողության, այդ պահին Աստծուն ավելի մոտ լինելու մասին: Արդեն իրենց երեխաների հետ այդ պատմություններով կիսվելու հնարավորությունն ունեն: Ամուսնությունից հետո շարունակում են արշավները՝ ներգրավելով նաև փոքրիկներին:

Երիտասարդ զույգն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ երկիրդ սիրելու համար նախ այն պետք է ճանաչես: Միասին Հայաստանն ու Արցախը ճանաչելով, բացահայտելով՝ այժմ փորձում են այլ նախաձեռնությունում իրենց ներդրումն ունենալ: «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունում ծանոթացած զույգն այսօր իր ներդրումն է ունենում «Ազատազէն» նախաձեռնությունում՝ հիմնելով հրաձգարան, որը հնարավորություն է տալիս ցանկացողներին ծանոթացնել զենքին տիրապետելու հմտությանը:

«Պատերազմից հետո որոշեցինք այս նախաձեռնությամբ հանդես գալ: Մենք պարապելու տեղ չունեինք: Քանի որ Հայաստանում մեծ հրաձգարան չկա, մենք գնում էինք սարեր՝ կրակելու, ինչը ռիսկային է: Այսօր Երևանում բազմաթիվ ժամանցի վայրեր կան, բայց հրաձգարան չկա: Որոշեցինք երկրի մասշտաբով փոխել պատկերն ու մարտական ընկերներով ձևավորեցինք «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը: Այն կօգնի ցանկացողներին սովորեցնել, ծանոթացնել զենքի գաղտնիքներին»,-ասաց Իշխան Գևորգյանը: Ծրագրի իրականացման գործում ակտիվ ներգրավված է նաև Աշխենը:

Ռազմահայրենասիրական ոգին անպակաս է, հայրենիքի համար նշանակալի գործ անելու ձգտումը՝ մեծ. երիտասարդ զույգը Արարատի գագաթի զգացողությունները սրտի ջերմ անկյունում թարմ պահելով՝ գնում է դեպի նոր բացահայտումներ:

Աննա Գզիրյան

Լուսանկարները Հայկ Մանուկյանի, Իշխան Գևորգյանի արխիվից

Հայերեն العربية English Español Русский

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում