12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա 4 տոկոսին. ԿԲ կանխատեսումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԲ խորհուրդը հունիսի 14-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%: 2022թ. մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8.4%: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա:

«Համաշխարհային արժեշղթաների պահպանվող խաթարումները և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների շարունակական աճը հանգեցնում են համաշխարհային գնաճային միջավայրի ընդլայնմանը: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը նախանշում են դրամավարկային քաղաքականության՝ համեմատաբար ավելի արագ տեմպերով խստացման մասին: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է»,-նշեց Մարտին Գալստյանը:

Նա տեղեկացրեց, որ 2022թ-ի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և գնաճային սպասումների աճին: ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ:

«Ստեղծված իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,-նշեց ԿԲ նախագահը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Հայերեն English Español

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին