Տնտեսություն

ՀՀ վարչապետը հայտարարեց 2021 թվականի բյուջեի եկամտային մասը 147 միլիարդով գերակատարելու մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հայտարարեց 2021 թվականի բյուջեի եկամտային մասը 147 միլիարդով գերակատարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 147 միլիարդ դրամով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տնտեսական աճի ցուցանիշը 2021 թվականին նախատեսվածից ավելի եղավ, 5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք: Ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե 3.1 տոկոս է նախատեսված եղել: Ուզում եմ հիշեցնել նաև 2021 թվականը, թե ինչ իրավիճակում ենք մենք եղել, և այս առումով կարևոր է ընդգծել, որ (բյուջեի)եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 միլիարդ դրամով: Ի՞նչ նկատի ունենք գերակատարել ասելով, մենք նկատի ունենք, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի եկամուտ ենք հավաքել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց նաև, որ եկամտային մասի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել:

«Առաջին հերթին խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որն այդ առումով մոտավորապես 24 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջեին»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում