Վախերի կառավարման սենյակի շնորհիվ պատերազմի մասնակից զինվորները կկարողանան լիարժեք հոգեբանական բուժում ստանալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային հերոս, հատուկջոկատայինների հրամանատար, 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնումպաշտոնապես բացվեց հերոս Քյարամ Սլոյանի անունը կրող «3D վախերի կառավարման» սենյակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բուժական սենյակը Հասմիկ Ռաշոյանի ու նրա ընկերների շնորհիվ համալրվել է վերջին սերնդի տեխնիկայով, որի շնորհիվ զինվորները կկարողանան լիարժեք թվայնացված հոգեբանական բուժում անցնել:

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը նշեց, որ դեռևս 2016 թվականից նպատակ ունեին անել մի բան, որ ևս մի հերոսի անուն մնար անմահ: «Երբ հիմնեցինք թվայնացված հոգեբանության սենյակ, միանգամից միտք առաջացավ, եթե վախերի կառավարումից պետք է խոսենք, ապա էլ ում օրինակով, եթե ոչ Քյարամի: Նրա օրինակով պիտի զինվորները կարողանան հասնել իրենց վախերին, հաղթահարել և անցնել առաջ: Այս պահին մենք սկսում ենք թվայնացված հոգեբանության բուժումը, և բացումից անմիջապես հետո մեր շահառուները՝ տղաները, ընտանիքի բոլոր անդամները կարող են անցնել բուժումներին»,-ասաց Սուրեն Արեենցը:

Հերոս Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդ Սլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումների շնորհիվ զգում է, որ իր որդին ողջ է և իր կատարած խիզախ քայլը հիշվում է: «Որդիս դեռ մանկուց շատ հանգիստ, հավասարակշռված և խելացի երեխա էր, զորացրվելուց հետո էլ պլանավորում էր շարունակել զինվորականի գործը»,- ասաց նա:

Հետախույզ, զինհաշմանդամ Սարգիս Ստեփանյանը կարևորեց նման կենտրոնի ստեղծումը: «Այժմ առավել կարևոր է հենց այսպիսի՝ վախերի կառավարման սենյակի ստեղծումը, որովհետև մեր տղաներից շատ-շատերը ունեն անհրաժեշտություն ներդաշնակ հանգստության և հոգեպես վերականգնվելու կարիքը՝ ինչն այստեղ ստանալու են: Այս կենտրոնը մատուցելու է այդ ծառայությունը իրենց թիմի և նորարարական սարքավորումների շնորհիվ, տղաներին հոգեպես վերականգնելու են և արագ վերադարձնելու են իրենց լիարժեք կյանքին»,-ասաց նա:

Կենտրոնում Քյարամ Սլոյանի անվան «3D վախերի կառավարման սենյակ»-ի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պետք է պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց համար լավագույն պայմանները ստեղծվեն։ «Մենք գիտենք, որ այս պատերազմից հետո կան մարդիկ, ովքեր պոստտրավմատիկ սինդրոմի արդյունքում ունեն վերականգնման, հոգեբանական աջակցության կարիք։ Ինձ համար ուրախալի է, որ նման կենտրոն ստեղծվել է ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Բժշկական, հատկապես, հոգեբանական ու վերականգնողական օգնությունը պետք է հնարավորինս հասանելի լինի քաղաքացիների համար»,– ասաց Ավանեսյանը։

Նա շեշտեց, որ մոտ 1 ամիս առաջ կոալիցիա են ստեղծել հոգեբանական ու հոգեբուժական ասոցիացիաների ու կառույցների, մասնագիտական կենտրոնների ներգրավմամբ։ Նախարարը վստահություն հայտնեց` կենտրոնը կաշխատի ի նպաստ զինծառայողների և այլ շահառուների։

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը