ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության մարտի 31-ի նիստում՝ ընդգծելով, որ Հայաստանին մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որեւէ հիմք կամ հիմնավորում չկա:
«Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Եվ հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-հայտարարեց ՀՀ վարչապետը: