Հասարակական

Սուպերմարկետի մենեջերը քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների ծնողներից 1000 դոլար է պահանջել

2 րոպեի ընթերցում

Սուպերմարկետի մենեջերը քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների ծնողներից 1000 դոլար է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 29ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Բազումի բաժնում մարտի 4-ին շորթման վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել. Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ոստիկանությունից, քաղաքի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերը փետրվարի 13-ին բռնել էր խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել սուպերմարկետի պահեստ և ապօրինի զրկելով ազատությունից՝ նրանց կամքին հակառակ պահել էր այնտեղ։

Տղամարդը զանգել ու կանչել էր անչափահասների մայրերին։ Նրանցից պահանջել էր 1000 դոլար՝ ոստիկանություն չհայտնելու և նրանց երեխաների մասին արատավորող տեղեկություններ չտարածելու համար:

Կանայք հայտնել էին, որ սոցիալական ծանր վիճակում են, ապա համաձայնության էին եկել, որ յուրաքանչյուրը մենեջերին ամսական մաս-մաս կվճարի 100 000 դրամ:

Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել նաև, որ 30-ամյա մենեջերը պարբերաբար զանգում էր կանանց և փողը պահանջում։

Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կանանցից մեկը փորձագետների կողմից նախապես մշակված 60 հազար դրամը փոխանցել է սուպերմարկետի 29-ամյա տնօրենին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում սուպերմարկետի տնօրենն ու նրա հայրը բերման են ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Վանաձորի Շինարարների փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև մենեջերը:

Տնօրենի անձնական խուզարկությամբ, ուլտրամանուշակագույն լույսի կիրառման արդյունքում, նրա ձեռքերի և հագուստի վրա հայտնաբերվել են քիմիական փոշու հետքեր:

Մենեջերի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչներ, գաղտնի փականով դանակ և ծխախոտի տուփ, որի մեջ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ էր։ «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է «շորթում» գրառմամբ 60 հազար դրամը։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում