Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել. արձանագրում են մասնագետն ու նախարարությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլիէթիլենային պարկերի և տոպրակներիվաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել: Այս փաստն արձանագրում են առևտրի կետերը, բնապահպանական կազմակերպությունները և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մի քանի խոշոր սուպերմարկետներում նշեցին, որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի կտրուկ նվազում դեռևս չկա, բայց նկատվում է փոփոխություն: Արդեն կան մարդիկ, որոնք օգտվում են տոպրակների այլընտրանքային տարբերակներից՝ կտոր, թուղթ: Կան նաև գնորդներ, որոնք հենց պոլիէթիլենային տոպրակն են բազմակի անգամ օգտագործում: Սուպերմարկետներում արձանագրում են, որ այլընտրանքային ու բազմակի տոպրակներ օգտագործողների թիվը մեծ չէ:

«Էկո աղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը նշեց, որ դեռևս ուսումնասիրությունների համար շուտ է, քանի որ, ըստ ստացված տվյալների՝ առայժմ դրական արդյունք չկա: Երևանում որոշ սուպերմարկետներում տոպրակները փոխարինվել են ավելի հաստ տեսակներով ու դրվել վաճառքի, բայց կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները դեռ դուրս չեն եկել շրջանառությունից և օգտագործվում են մեծ քանակով:

Նրա կարծիքով՝ մարզերում պատկերն ավելի վատ է, ու մի քանի խանութներ այցելություններից պարզ է դարձել, որ դեռևս չեն հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից՝ մեկնաբանելով, որ տեղեկացված չեն եղել:

«Վստահաբար կարող եմ ասել, որ օրենքն ընդունելուց առաջ ճիշտ քայլեր չեն ձեռնարկվել: Համապատասխան կառույցների հետ աշխատանք նախապես չի տարվել, նշվում է, որ ծանուցումներ եղել են, բայց դա բավարար չէ: Այս պահին կարելի է ասել, որ գործընթացը մի փոքր հունի մեջ է մտնում, բայց դա չի նշանակում, որ պոլիէթիլենային աղբը նվազելու է: Ամենևին, ավելի է շատանալու, որովհետև մարդիկ նորից գնում են ու օգտագործում են շատ ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակներ»,- եզրափակեց Հռիփսիմե Մկրտչյանը:

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրեց, որ արտադրողների շրջանում իրականացրած հարցումների արդյունքը ցույց է տվել, որ կա արտադրական ծավալի կրճատում, ինչպես նաև կան փոքր արտադրողներ, որոնք արդեն փակվել են:

«Բայց, իհարկե, ես համաձայն եմ, որ մենք այն արդյունքը չենք ստացել, ինչը, միգուցե, ակնկալում էինք: Այստեղ ավելի շատ հսկողության բացն է մի փոքր, բայց պետք է նշեմ, որ այդ հսկողությունն իրականացնող մարմինների հետ մենք պարբերաբար աշխատում ենք: Եթե մենք հսկողությունն ուժեղացնենք, օրենքի նշանակությունը կարծում եմ արդարացված կլինի»,-ասաց նա:

Մասնագետը մի կողմից էլ նշեց, որ տոպրակների հաստացման պարագայում աղբանոցներից և շրջակա միջավայրից հավաքագրումը դարձել է ավելի հեշտ և ավելի շատ է հավաքվում, ինչը հետագայում հանձնվում է վերամշակման: Նախկինում նույնպես իրականացվում էր, բայց բարակ տոպրակները հավաքելը ավելի դժվար էր, քանի որ հավաքողները կիլոգրամով էին հանձնում և կիլոգրամի դիմաց էին վճարվում: Այս նոր, ավելի հաստ տոպրակների դեպքում ավելի ձեռնտու է դառնում այդ գործընթացը:

«Մենք առաջին եռամսյակից հետո կիրականացնենք ստուգումներ, հարցումներ հասկանալու համար, թե արդյոք պոլիէթիլենային տոպրակների վաճառքի ծավալները նվազել են, որոնք են թերացումներն ու բացերը»,- եզրափակեց Լուսինե Ավետիսյանը:

Հայաստանում թաղանթի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակներիվաճառքի արգելքը գործում է 2022 թվականի հունվարի 1-ից: Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Այսպիսով՝ այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներիօգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

Գայանե Գաբոյան

Հայերեն English

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները