Հասարակական

Արցախահայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցը մեզ համար սկզբունքային են. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Արցախահայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցը մեզ համար սկզբունքային են. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հայության բոլոր իրավունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մնում են սկզբունքային, առանցքային հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը հարցրեց, թե ԱԳ նախարարը կարո՞ղ է հստակ հայտարարել է, որ ՀՀ-ն բանակցությունների մեջ մտել է՝ բացառելու Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու ՀՀ-ի հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող:

Միրզոյանը նշեց, որ ՔՊ՝ և որպես կուսակցություն, և որպես կառավարություն, այդ հարցերի վերաբերյալ հանդես է եկել իր պատկերացումներով: Եվ այդ պատկերացումները խարսխված են տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և կայուն զարգացում ապահովելու ուղենիշի վրա: Ըստ ԱԳ նախարարի՝ իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրաձայնած թեզերն ըստ ամենայնի ՀՀ քաղաքացիների կողմից գտել են բավարար աջակցություն, որպեսզի ձևավորվի կառավարությունը՝ ՔՊ կուսակցության կազմից կամ վարչապետի առաջադրմամբ և հետագայում կառավարությունն իրագործի այդ ծրագրերը:

«Մեր կառավարության ուղենիշն է կառուցել խաղաղություն տարածաշրջանում: Անշուշտ դրա կարևորագույն մաս է դրա շուրջ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը: Մեզ համար սկզբունքային և առանցքային է արցախահայության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,-ասաց ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում