ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումների հանդիսավոր բացումը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության տասը տարվան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝միջոցառմանը ներկա էին ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ և Բրյուսովի հանրաճանաչ շրջանավարտներ:
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումները մեծ նշանակություն ունեն բուհի ֆրանսերեն սովորող ուսանողների համար: «Այժմ համալսարանում մոտ 500 ուսանող սովորում է ֆրանսերեն՝ որպես առաջին և երկրորդ լեզու: Եվ, բնականաբար, բուհը պետք է ինքը նախաձեռնի, իրականացնի և ակտիվ ձևով ներգրավված լինի Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին»,-ասաց ռեկտորը:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում բուհը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ:
Նա ասաց, որ մարտի 22-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ իրականացվելու է ֆրանսիական ֆիլմերի թարգմանություններ, ապրիլի 1-ին ուսանողները հայերենով ներկայացնելու են Շառլ Ազնավուրի պոեզիան: Ապրիլի 22-ին կիրականացվի միջհամալսարանական մեծ մրցույթ և գիտաժողով: Միջոցառումները կեզրափակվեն ապրիլի 29-ին «ֆրանսիական երգի տոն» մեծ միջոցառմամբ:
Ռեկտորը ընդգծեց, որ բացի այս օրերին իրականացվող միջոցառումներից, ամբողջ տարվա ընթացքում բուհը շարունակում է համագործակցել և իրականացնել մի շարք ծրագրեր Ֆրանկոֆոնիայի շրջանակում: