Տնտեսություն

Բացասական հետևանքները նվազագույնի հասցնող օպերատիվ հարցերը ԵԱՏՄ-ի օրակարգում են. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Բացասական հետևանքները նվազագույնի հասցնող օպերատիվ հարցերը ԵԱՏՄ-ի օրակարգում են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունը կթողնեն ԵԱՏՄ-ի տնտեսական մթնոլորտի վրա, և այդ համատեքստում շատ կարևոր է քննարկել, թե ինչ օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որ այդ բացասական հետևանքները լինեն նվազագույնը կամ, եթե հնարավոր է, դրանք շրջանցվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի արդյունքները ԵԱՏՄ-ի համար դրական են եղել: Ճիշտ է, 2021 թվականը, ընդհանուր առմամբ, ևս ճգնաժամային էր, սակայն առևտրաշրջանառության ծավալը ԵԱՏՄ-ի ներսում աճել է, և դա դրական ազդակ է բոլորիս համար: Շատ կարևոր է նշել, որ կա ներուժ ընդլայնելու ԵԱՏՄ տարածաշրջանը, կան դիտորդ երկրներ, որոնց հետ մենք արդյունավետ համագործակցում ենք, դրանից բացի կա հետաքրքրություն այլ երկրների կողմից: Դա նույնպես դրական գործընթաց է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ կհաջողվի վարել այնպիսի քաղաքականություն, որ ընթացիկ իրավիճակում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի դրական ազդակներ տալ անդամ երկրների տնտեսության զարգացման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղազախստանում է: Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փետրվարի 24-ին կայացել է խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին անցկացվում է ընդլայնված կազմով նիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում