Տնտեսություն

Մասնագետները բարեփոխումների կարիք են տեսնում մեկ անձից իրականացվող գնումների ոլորտում

6 րոպեի ընթերցում

Մասնագետները բարեփոխումների կարիք են տեսնում մեկ անձից իրականացվող գնումների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները Հայաստանում գնումների ոլորտում բարեփոխումների կարիք են տեսնում, թեև օրենսդրական, մեթոդական որոշ խնդիրների պատճառով մեկ անձից իրականացվող գնումների ավելի մեծ ցուցանիշ է արձանագրվում, սակայն ամեն դեպքում, մասնագետները ցուցանիշը բարձր են համարում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 15-ին ներկայացվեցին «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAPP) ծրագրի շրջանակում իրականացված «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» և «Պետական գնումների բողոքարկման համակարգի վերլուծություն» հետազոտությունների արդյունքները:

Առաջին հետազոտության արդյունքների մասին լրագրողների հետ զրույցում խոսեց հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը: Հետազոտությունն իրականացվել է 2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերի ամիսներին, հետազոտությունը ներառող ժամանակահատվածն ընդգրկել է 2018-2020 թթ: 2020-ին մեկ անձից կատարվող գնումները Հայաստանում կազմել են 142 մլրդ դրամ կամ մոտ 46 տոկոս: Օրինակ` հարևան Վրաստանում այն 12-13 տոկոսի մոտակայքում է, այլ երկրներում նույնիսկ 7-8 տոկոս է: Հետազոտական թիմը խնդիր է դրել հասկանալու, թե ինչով է պայմանավորված, որ մեկ անձից կատարվող գնումների ծավալը Հայաստանում մեծ կշիռ է կազմում, տարբեր ուղղություններով բարելավումների կարիք է տեսնում:

«Վերլուծությունները ցույց տվեցին, որ մեկ անձից իրականացվող գնումների նման մեծ ծավալը պայմանավորված են առաջին հերթին մեթոդաբանական խնդիրներով, այսինքն` մրցակցային ձևերի սահմանման և մեկ անձից իրականացվող գնումների ձևեր սահմանման, այսինքն` օրենսդրական խնդիրներով: Դրա պատճառով առողջապահության ոլորտում պետպատվերով ծառայությունների ֆինանսավորումը, բնական մոնոպոլիայով պայմանավորված գնումները՝ հոսանքը, գազը, որոնք պարզապես չունեն այլընտրանք, ևս ձևակերպվում են որպես մեկ անձից իրականացվող գնումներ: Եվ այս գործոնով պայմանավորված այդ թիվը շատ մեծ է ստացվում: Արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ 2020 թվականին մեկ անձից իրականացվող գնումների ամբողջ ծավալի՝ 140 մլրդ դրամի գերակշիռ մասը, այսպես ասած, կեղծ աղմուկային ցուցանիշ է»,-ասաց Բեջանյանը՝ հավելելով, որ այդ թիվն արհեստականորեն ավելի բարձր է լինում:

Հետազոտական թիմը առաջնահերթ նախ ֆիլտրել է այդ «աղմուկը», որից հետո հայտնաբերվել են այն հիմնական ծախսային ուղղությունները, որոնց պարագայում մեկ անձից գնումների ծավալը մեծ է, և կարիք կա որոշակի քայլեր ձեռնարկելու:

Բեջանյանը շեշտեց՝ կան գնումներ, որոնք ծավալով պայմանավորված՝ չունեն այլ տարբերակ, քան 1 անձից գնում կատարելը: Խոսքը օրենքով սահմանված մինչև 1 մլն դրամ գին ունեցող գնման առարկաներին է վերաբերում: Եվ հետազոտական թիմն առաջարկել է անցում կատարել որոշակի կենտրոնացման՝ միանման գնման պահանջարկ ունեցողների մասով: «Օրինակ` կրթական հաստատությունների գրենական պիտույքների ձեռքբերման համար, երբ գնումն առանձին-առանձին է կատարվում, այդ թիվը շատ փոքր է՝ մի քանի հարյուր հազար դրամ, բայց մարզի մասշտաբով բավականին խոշոր թիվ է կազմում»,-ասաց նա:

Եթե ցուցանիշի վերը թվարկված մեթոդական խնդիրները հանվեն, ապա, Բեջանյանի խոսքով, Հայաստանում մեկ անձից կատարվող գնումները մոտ 14-15 տոկոսի շրջանում են, որը, սակայն ևս համադրելի երկրների համեմատ բարձր թիվ է: «Եթե իրականացվեն մեր կողմից ներկայացված առաջարկները, այդ ցուցանիշն էլ ավելի կիջնի՝ հասնելով մոտ 8 տոկոսի, ինչը բնական, նորմալ ցուցանիշ կարող է համարվել»,-ասաց նա:

Հետազոտական թիմը եկել է այն եզրահանգման, որ եթե նույն ծավալներով գնումները կազմակերպվեն ոչ թե 1 անձից, այլ մրցակցային ձևաչափով, ապա հսկայական խնայողություններ կլինեն:

«Պետական գնումների բողոքարկման համակարգի վերլուծություն» հետազոտության մասին լրագրողների հետ խոսեց TAAP ծրագրի հետազոտական խմբի փորձագետ Արմենուհի Բուռնազյանը: Հետազոտական թիմն արձանագրել է այնպիսի դեպքեր, երբ մասնակիցների կողմից թերացումներ են եղել, սակայն նրանք գնումների սև ցուցակում չեն ընդգրկվել, քանի որ պատվիրատուների կողմից նույնպես թերացումներ են եղել: «Մի դեպքերից մեկն այն է եղել, որ պատվիրատուն կազմակերպել է գնումների ընթացակարգը՝ առանց գնումների առարկան գնումների պլանում նախապես ընդգրկելու: Իսկ օրենսդրությունը պահանջում է, որ գնման առարկան ընդգրկված լինի գնումների պլանում: Կամ պատահել է, որ պատվիրատուն փոփոխություն է կատարել գնումների պլանում և չի հրապարակել»,-ասաց Բուռնազյանը՝ նշելով՝ սա ինքնին վկայում է, որ ռեսուրսների անիմաստ, աննպատակ ծախս է իրականացվել, քանի որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց իրավական հիմքի, և ընթացակարգը ի վերջո չկայացված է հայտարարվել՝ բողոքը քննող անձի որոշման հիման վրա:

Եղել են նաև հրավերի նկատմամբ ներկայացված բողոքներ, այսինքն` որոշակի խտրական տարրեր են հայտնաբերվել տեխնիկական բնութագրերում, հրավերի փաստաթղթերում: Այս մասով բողոքները մեծամասամբ բավարարվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում