ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՉԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարի» աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախատեսվում են հանդիպումներ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ԵԱՏՄ ագրոաարդյունաբերական բլոկի, Х5 Group ընկերության, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) ներկայացուցիչների հետ։
Պատվիրակության անդամները Մոսկվայում կմասնակցեն նաև «Հայկական գինու օրեր» միջոցառմանը։ Ցուցահանդեսին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ազգային միասնական տաղավարով կներկայացվեն 15 ընկերությունների հայկական գինիները: