Տնտեսություն

Կառավարությունը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:

Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։

Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի, ներդրումների և ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների և իրավասությունների։

Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում