Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Կողմերն ընդգծել են 2022 թվականի կարևորությունը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի հոբելյանական 30-ամյակի և Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության 20-ամյակի առումով և հաստատել, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ՝ ի նպաստ ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձրացման և Կազմակերպության միջազգային դերակատարության ընդլայնման:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում