Հասարակական

Իրանի Մեջլիսի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

Իրանի Մեջլիսի  պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 21-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Իրանից ժամանած պատվիրակության անդամները, որոնց թվում էին նաև Իրանի Մեջլիսի երկու հայազգի պատգամավորներ Արա Շավերդյանը և Ռոբերտ Բեգլարյանը, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում