Զարգացնել երկկողմ զբոսաշրջությունը և մշակութային գործունեությունը․ ՀՀ-ում հիմնվել է Արգենտինական առևտրային պալատ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կայացավ Արգենտինական առևտրային պալատի հիմնմանը նվիրված միջոցառում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրեց Հայաստանում արգենտինական առևտրային պալատ ստեղծելու դեսպանության նախաձեռնությունը։

«Այն նպատակ ունի ծառայելու ոչ միայն որպես երկու երկրի գործարար շրջանակների միջև կամուրջ, այլև՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի նախաձեռնությունները խրախուսելու և երկու երկրի երիտասարդ մասնագետներին ներգրավելու գործիք։ Այն լրացուցիչ միջոց կդառնա երկկողմ առևտրային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և մեր երկու ժողովուրդների միջև արդեն իսկ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու համար»,- նշեց Վերգարան։

Դեսպանն իր խոսքում նաև շեշտեց, որ հնարավորություններ կստեղծվեն առևտրի, համայնքների, տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում։ Նախատեսվում է նորաստեղծ պալատի միջոցով զարգացնել երկկողմ զբոսաշրջությունը, աջակցել մշակութային գործունեությանը, սպորտի զարգացման միջոցով խթանել համագործակցությանն ու փոխանակման հնարավորություններին։

«Կոնվերս բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը շնորհավորեց բոլոր ներկաներին ՀՀ-ում Արգենտինայի առևտրային պալատի ստեղծման կապակցությամբ։ Նա կարևորեց Հայաստանի տնտեսության զարգացման ներկա փուլում տարբեր երկրների հետ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումների խթանումը։

«Բնականաբար, նորաստեղծ պալատը իր ուրույն դերը կունենա երկկողմ տնտեսական նախաձեռնությունների իրագործման հարցում։ Մենք առավել քան վստահ ենք, որ հայ-արգենտինական տնտեսական կապերը զարգացման մեծ հեռանկար ունեն ինչպես արդյունաբերության, այնպես էլ առևտրի, ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի կառավարման ոլորտներում։ Հայաստանում Արգենտինայի առևտրային պալատը ստանձնում է բավականի հետաքրքիր և պատասխանատու հանձնառություն՝ կապ ստեղծել միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող երկրների միջև՝ դառնալով կամուրջ հայ և արգենտինացի գործարարների միջև»,- ասաց Հակոբյանը։

Նա ուղենիշային և հատկանշական անվանեց արգենտինահայ գործարար և բարերար, ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի կողմից ՀՀ-ում իրականացված ներդրումները, բիզնես-նախագծերը, բարեգործական ծրագրերը։

«Կոնվերս բանկը» արգենտինական կապիտալով առաջին ընկերություններից է Հայաստանում, որի հիմնական բաժնետերը պարոն Էդուարդո Էռնեկյանն է։ Մենք մասն ենք մի մեծ ընտանիքի, որի կազմում ներառված են նաև «Տիեռաս դե Արմենիան», «Կարաս վայնսը», Արմենիա միջազգային օդանավակայանները։ Դրանց հիմնադրման շնորհիվ ոչ միայն նոր շունչ է հաղորդվել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, այլև արդյունքում ստեղծվել են հազարավոր նոր, կայուն աշխատատեղեր։ «Կոնվերս բանկը», որպես ֆինանսական կառույց, իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս աջակցել երկկողմ կապերի հաստատմանը և զարգացմանը՝ առաջարկելով ֆինանսավորման լայն գործիքակազմ ու հնարավորություններ»,- նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրենը։

Նա նաև հայտնեց, որ իրենց աջակցությամբ են կյանքի կոչվել այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են Արգենտինական տանգոյի օրերը Հայաստանում, Արգենտինական կենտրոնի ստեղծումը Վ․ Բրյուսովի անվան համալսարանում։

Միջոցառումն ուղեկցվեց արգենտինական տանգոյի գունագեղ ներկայացմամբ՝ արգենտինացի պարողներ Պաբլո Մարտինեսի և Իրինա Բասլիկի մասնակցությամբ։ Երեկոյի արգենտինական ոգին ապահովում էր օպերայի սիմֆոնիկ նվագախմբի լարային կվարտետը։

Հայերեն English Français Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում