Հասարակական

Ջավախքում անցկացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական արշավ

2 րոպեի ընթերցում

Ջավախքում անցկացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական արշավ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-29-ը Ջավախքում անցկացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ, որը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ)՝ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՋԱՀ-ը:

Ըստ աղբյուրի, ծրագրի մասնակիցները, որոնք հայ և վրացի լուսանկարիչներ են Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի ամենագեղեցիկ ու գողտրիկ անկյուններում, այցելել են Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի ու Ասպինձայի շրջանների գյուղեր ու քաղաքներ, տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյային և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսել են ֆոտոխցիկի միջոցով:

Ծրագրի վերջին օրը մասնակիցները եղել են նաև Գանձա և Կարզախ գյուղերում, ՋԱՀ-ի կողմից հիմնադրած և վերականգնած աշուղ Ջիվանու ու Վահան Տերյանի տուն-թանգարաններում:

Նշվում է, որ ծրագրի շրջանակներում անցկացվել են նաև վարպետության դասեր, որոնք վարել են աստղալուսանկարիչ Ինգա Ավանեսովան և «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում