Կառավարության ռազմավարական ուղղությունը ՀՀ-ում աշխատանքի արտադրողականության բարձրացմանը նպաստելն է
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսության խնդիրներից մեկը աշխատանքի արտադրողականության ցածր մակարդակն է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը կազմում է 6.8 դոլար: Սա նշանակում է, որ միջինացված մեկ աշխատողը մեկ ժամվա աշխատանքի ընթացքում ստեղծում է 6.8 դոլարի ՀՆԱ: Սա վատ ցուցանիշ է, որովհետև, օրինակ` Ռուսաստանում այդ նույն ցուցանիշը կազմում է 11,7 դոլար, ԵՄ-ի միջն ցուցանիշը 42.7 դոլարն է: Եվրամիության երկրներ կան, որտեղ արտադրողականության ցուցանիշը 100 դոլարից ավելի է»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` այս ցուցանիշն ի ցույց է դնում տնտեսության ոլորտում մեր ունեցած ամենակարևոր բազային խնդիրներից մեկը:
«Մեր աշխատանքի արտադրողականությունը չափազանց ցածր է, և Կառավարության համար ռազմավարական ուղղություն է Հայաստանում աշխատանքի արտադրողականության մեծացմանը նպաստելը»,- ասաց Փաշինյանը: