Հասարակական

Գավառ քաղաքն արդեն մուտքի ճարտարապետական հուշարձան ունի

2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքն արդեն մուտքի ճարտարապետական հուշարձան ունի

ԳԱՎԱՌ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել Գավառ քաղաքի մուտքի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներ եւ աշխատակիցներ, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հուշարձանի բացման արարողությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Հուշարձանը կառուցվել է բարերար Սամվել Գորոյանի տրամադրած միջոցների հաշվին։ Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հունիսից եւ ավարտվել օգոստոսի 14-ին։Հուշարձանը զբաղեցնում է 1500 քառակուսի մետր մակերես, ունի սալիկապատ եւ կանաչապատ գոտիներ։ Հայերեն եւ անգլերեն գրությամբ հուշարձանն ազդարարում է Գավառ քաղաքի մուտքը։ Հուշարձանին գրված է նաեւ Գավառ քաղաքի հիմնադրման տարեթիվը՝ Քրիստոսից առաջ 732 թվական։ «Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա եւ տոնի առիթով։ Գավառի մուտքի հուշարձանը, որը կառուցվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ եւ Սամվել Գորոյանի բարերարությամբ, արդեն մտնում է քաղաքի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկ՝ որպես մեր քաղաքի կերտման խորհրդանիշ, դարերից եկող ու դարեր գնացող առհավատչյա»,-ներկաներին է դիմել հուշարձանի ճարտարապետ Ռաֆայել Հերգնյանը։ Օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում