ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում, սակայն դեռ աշխատանք կա անելու. փոխնախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թրաֆիքինգը մարտահրավեր է շարունակում մնալ ամբողջ աշխարհում և Հայաստանը բացառություն չէ, բայց կարևոր է արձանագրել, որ Կառավարության պայքարը ինստիտուցիոնալ է:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

«Յուրաքանչյուր մեկիս ջանքը կարող է կյանք փրկել: Կարծում եմ, այս սենյակում բոլորս դրան հավատում ենք, և շատ կարևոր է, որ անհատական ջանքը միահյուսվի պետության կողմից ինստիտուցիոնալ պայքարին: Երկրորդ անգամ է, որ ազգային ծրագիր ենք իրականացնում և մեր կողմից իրականացվող հակաթրաֆիքինգային միջոցառումները համակարգային բնույթ են կրում և միտված են կանխարգելելուն, հայտնաբերելուն, պաշտպանելուն: Այս երեք բաղադրիչների կառուցողական փոխգործակցության միջոցով է միայն հնարավոր առաջընթաց գրանցել»,- ընդգծեց Գրիգորյանը:

Քրիստինե Գրիգորյանի խոսքով` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավի գործողությունները կյանքի կոչելու նպատակով Հայաստանը համագործակցում է ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ և հետևողական քայլեր է իրականացնում իր պարտավորությունները կատարելու համար:

«Պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության շնորհիվ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը բարելավել է թրաֆիքինգի դեմ պայքարում ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տարեկան զեկույցում իր դիրքերը, սակայն մեր կողմից այս ուղղությամբ հսկայական աշխատանք կա կատարելու»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը նշեց, որ ԱՄՆ դեսպանության փորձագիտական աջակցությամբ նախարարության կողմից մշակվել են ուղեցույցներ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների համար, որոնք կօգնեն վերջիններիս գործնականում բացահայտելու հարկադիր աշխատանքի դեպքերը և փոխանցել դրանք իրավապահ մարմիններին: Նախագծային փուլում են գտնվում նաև թրաֆիքինգի զոհերի նույնականացման, ուղղորդման, աջակցության և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված առաջնային օղակների առողջապահական հաստատությունների, հյուպատոսական հիմնարկների ու միգրացիոն ոլորտի ներկայացուցիչների համար կարողությունների շարունակական հզորացմանն ուղղված ուղեցույցները:

«Հատկանշական է նաև իրազեկվածության բարձրացման գործում շարունակական կրթության ապահովման նշանակությունը, որի շրջանակներում Արդարադատության ակադեմիայի կողմից դատավորների, դատախազների, քննիչների և վերջիններիս թեկնածուների համար կազմակերպվող դասընթացները ներառում են թրաֆիքինգին և շահագործմանը վերաբերող առանձին ավելի թիրախային թեմաներ»,- հավելեց Գրիգորյանը:

Ծրագրվում է առաջիկայում վերանայել թեմատիկ դասընթացները՝ վերջիններս դարձնելով առավել զգայուն թրաֆիքինգի հանցակազմի նկատմամբ, ինչը կնպաստի արդյունավետ դատական պաշտպանության ապահովմանը:

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք արդյունավետ պայքարել թրաֆիքինգի բոլոր դրսևորումների դեմ, կանխել և բացառել երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության ցանկացած դեպք մեր ստանձնած միջազգային պարտավորությունների և մեր քաղաքացիների առջև ստանձնած մեր հանձնառություններին համապատասխան»,- եզրափակեց Գրիգորյանը:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել