Հասարակական

Ընթանում են Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքի պեղման աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Ընթանում են Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքի պեղման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում գտնվող Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի տարածքում իրականացվում են հուշարձանների՝ փլատակներից մաքրման և պեղման, ինչպես նաև չափագրման ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ սահմանված կարգով մրցույթ էր հայտարարվել Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի նախագծման, չափագրման և վերականգնման աշխատանքների իրականացման համար։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթի հաղթող ճանաչված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից: Այժմ ընթանում են հնագիտական ուսումնասիրությունների և պեղման աշխատանքներ:

Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրը կառուցվել է X-XIII դդ․ և գտնվում է Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք՝ Մարց գետի ձախակողմյան ձորալանջին՝ անտառի մեջ։ Այն կառուցվել է ի հիշատակ հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից, մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից, ձիթհանից և դեպի վանական համալիր տանող կածանի ճանապարհին գտնվող խաչքարերից ու բնական աղբյուրից։ Վերջինս հայտնի է նաև «Գիքորի աղբյուր» անվամբ՝ համաձայն «Գիքոր» ֆիլմում աղբյուրից ջուր խմելու տեսարանի: Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիներն իրար կից են։

Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ Բարձրաքաշ վանքի կառուցումը Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարզպանը սկսել է Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի օրոք:

Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով։

Վանական համալիրը մասնակիորեն նորոգվել է 1939 թ., մաքրման, պեղման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին: Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրը 2014 թ. ներառվել է «Եվրոպա Նոստրա» առավել վտանգված 11 հուշարձանների ցանկում:

2016 թ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով մշակվել է տեղահանված, տեղաշարժված քարերի ապամոնտաժման, հաշվառման, փաստագրման նախագիծը, որով նույն տարում իրականացվել են համապատասխան աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում