Հասարակական

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ

2 րոպեի ընթերցում

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում՝ ընտրություններ նշանակելու օրվանից մինչև քվեարկության օրը, բերման է ենթարկվել 110 անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ այս մասին ասաց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

Դատախազը հայտնեց, որ բերման ենթարկվածներից 20-ը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են, համակիրներն են, վստահված անձինք և այս կամ այն կերպ դաշինքի հետ ասոցացվող անձինք, 39-ը «Պատիվ ունեմ» դաշինքից, իսկ մնացած 51-ը եղել են կամ այլ կուսակցությունից, կամ ընտրական գործընթացի մասնակիցներ:

Երևանի դատախազի խոսքով` ընտրական գործընթացի ժամանակահատվածում կատարվել է 29 խուզարկություն, որոնցի 7-ը կատարվել է «Հայաստան» դաշինքին առնչվող անձանց բնակարաններում կամ շինություններում, 20-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ 2-ը՝ այլ:

«Այդ խուզարկությունները կատարվել են իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ պատշաճ հիմնավորված միջնորդությունների հիման վրա, դատարանների կողմից կայացված դատական ակտերով, որոնց օրինականության վերաբերյալ վերադաս դատական ատյաններ ներկայացված բողոքների առկայության մասին տեղեկություններ չունենք:

Մեր կարծիքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բերման ենթարկված համակիրների և նրանց բնակարաններում ու շինություններում կատարված խուզարկությունների թիվը համաչափ է նրանց կողմից կատարված առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թվին»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում